copy image url
Ներքին Խոսք 1 ժամ առաջ - 21:00 24-07-2026

«Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան

Մերի Հակոբյան

Լրագրող

«Զվարթնոցի» հին մասնաշենքը պատմամշակութային ժառանգության ցանկից հանելու որոշումը ոչ միայն սխալ է, այլև կարող է հետագայում հնարավորություն տալ շենքի քանդմանը։

Oragir.News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Արթուր Թարխանյանի» անվան կենտրոնի հիմնադիր-տնօրեն, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը՝ անդրադառնալով Կառավարության նախաձեռնությանը։

Կառավարությունը նախատեսում է վերացնել «Զվարթնոցի» հին մասնաշենքի պահպանական կարգավիճակը՝ օդանավակայանի զարգացման ծրագրով նախատեսված վերակառուցման և արդիականացման աշխատանքներն իրականացնելու նպատակով։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում հրապարակված նախագծի համաձայն՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հիմնավորում է, որ շենքի՝ որպես հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակը սահմանափակում է օդանավակայանի զարգացման ծրագրով նախատեսված վերակառուցման և գործառնական արդիականացման աշխատանքների իրականացումը։

Նախագծում նշվում է, որ «Զվարթնոցի» հին մասնաշենքը ներկայում չի օգտագործվում իր սկզբնական նշանակությամբ և չի համապատասխանում գործող օդանավակայանային ենթակառուցվածքների տեխնիկական ու անվտանգային պահանջներին։

Սակայն Անահիտ Թարխանյանը հակադարձում է՝ նշելով, որ շենքի արժեքը միայն նրա նախկին գործառույթով չի սահմանափակվում։

«18 օդանավակայանը միջազգային լայն ճանաչում ունեցող շենք է։ Իր տեսակի մեջ այն աշխարհի 7 օդանավակայաններից մեկն է։ Ամենակարևորը՝ «Զվարթնոցը» ճանաչվել է միջազգային տարբեր ատյաններում՝ որպես Հայաստանի Հանրապետության և հայկական ճարտարապետության կարևոր արժեքներից մեկը»,- նշել է ճարտարապետը։

Նրա խոսքով՝ նման նշանակության շենքը հուշարձանների ցանկից հանելն ընդունելի չէ. «Այդպիսի շենքը հանել պատմամշակութային արժեք ունեցող շենքերի ցանկից՝ ընդունելի չէ։ Դա այնպիսի արժեք է, որը պետք է պահպանվի»։

Մենք հեշտությամբ քանդում ենք այն, ինչ թողել են մեր նախնիները

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու Հայաստանում հաճախ խնդիրներ են առաջանում հին շենքերի պահպանության հետ կապված՝ ճարտարապետը կարծիք է հայտնել, որ պատճառը վերաբերմունքն է սեփական ժառանգության նկատմամբ։

«Ինչո՞ւ ենք մենք այդպիսի քայլերի գնում մեր անցյալի նկատմամբ, ինչո՞ւ չենք գնահատում մեր ունեցածը։ Հեշտությամբ քանդում ենք գոյություն ունեցող շենքերը, դրա փոխարեն կառուցում ենք նորերը, որոնք շատ հաճախ շատ ավելի ցածր մակարդակի և արտաքին ճարտարապետական լուծումներով թույլ շենքեր են»,- ասել է նա։

Թարխանյանի խոսքով՝ այլ երկրներում պատմական շենքերին վերաբերվում են որպես արժեքի, ոչ թե խոչընդոտի. «Հեռու չգնանք՝ մեր հարևան Վրաստանը։ Այնտեղ բազմաթիվ հին շենքեր կան, և տեսնում ենք՝ ինչպես են դրանք պահում, վերականգնում, նոր գործառույթ տալիս։ Ամեն մի շենքը, նույնիսկ փոքր կառույցը, մեծ հոգատարությամբ պահպանում են»։

Բացատրություն չունեմ, թե ինչու չենք գնահատում մեր պատմությունը

Հարցին, թե ինչու Հայաստանում չկա նույն վերաբերմունքը պատմական շենքերի նկատմամբ, Անահիտ Թարխանյանը նշել է, որ դրա համար բացատրություն չունի։

«Իրոք բացատրություն չունեմ։ Հատկապես այդքան մեծ պատմություն, այդքան խորքային պատմություն ունեցող փաստի նկատմամբ նման հեռամտություն է ցուցաբերվում։ Պետք է վաղուց ճանաչված լինեին դրա արժեքները, և գնահատվեր այդ պատմությունը»,- ասել է նա։

Հանում են, որպեսզի հետո քանդեն

Անահիտ Թարխանյանը նաև անդրադարձել է այն մտահոգություններին, որ հուշարձանի կարգավիճակի վերացումը կարող է լինել շենքի քանդման նախապատրաստական փուլ։

«Երևի հենց դրա համար էլ ուզում են հանել, որպեսզի քանդեն շենքը՝ հիմնավորելով, որ հնարավոր չէ այն վերաօգտագործել կամ վերաշահագործել որպես օդանավակայան։ Բայց դա չի համապատասխանում իրականությանը»,- ասել է նա։

Ճարտարապետի խոսքով՝ «Զվարթնոցի» հին մասնաշենքը հնարավոր է վերածել ժամանակակից օդանավակայանային համալիրի մասի. «Կան մի քանի նախագծեր, իսկ վերջերս մենք լրիվ նոր նախագիծ ենք արել, որտեղ նոր շենքը և գոյություն ունեցող հին շենքը հնարավորություն են տալիս շատ կարճ ժամկետում և շատ արդյունավետ ֆինանսական ներդրումով վերաշահագործելու այդ շենքը»։

Նրա խոսքով՝ առաջարկվող տարբերակով հնարավոր է հասնել ավելի մեծ արդյունավետության։ «Խոսքը 3-4 անգամ ավելի փոքր ներդրման մասին է, քան կոնցեսիոն ծրագիրն է նախատեսում՝ ունենալով 70 հազար քմ մակերես և 10 լրացուցիչ գիծ։ Այսինքն՝ ապահովելով տարեկան առնվազն 14 միլիոն ուղևորի սպասարկում»,- նշել է Անահիտ Թարխանյանը։

Նրա խոսքով՝ խնդիրը ոչ թե շենքի հնարավորությունների, այլ դրա նկատմամբ վերաբերմունքի մեջ է։

«Զվարթնոցի» հին մասնաշենքը կառուցվել է 1970-ականներին՝ ճարտարապետներ Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի և Լևոն Չերքեզյանի նախագծով և համարվում է խորհրդային մոդեռնիզմի ամենահայտնի կառույցներից մեկը։

Ամենից շատ դիտված

23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում