ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրամիությունը «շատ բարձր գին կվճարի» Google ընկերությանը 890 միլիոն եվրոյով տուգանելու որոշման համար։
Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնը կարճ ժամկետում համապատասխան մաքսատուրքեր կսահմանի Եվրամիության նկատմամբ։
«ԱՄՆ-ն Եվրոպայի համար «խնայատուփ» չէ, և մենք թույլ չենք տա, որ մեզ հետ նման կերպ վարվեն»,- գրել է Թրամփը։
Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն անհապաղ հետաքննություն է սկսում ամերիկյան ընկերությունների և հարկատուների նկատմամբ նմանատիպ «թալանի» պրակտիկայի վերաբերյալ։
Թրամփը Google-ի, ինչպես նաև այլ ամերիկյան ընկերությունների նկատմամբ ԵՄ-ի սահմանած տուգանքները որակել է «անօրինական և խիստ խտրական»՝ նշելով, որ նման դեպքեր այլևս չեն կրկնվի։
Նրա խոսքով՝ նախկինում ԵՄ-ն տուգանել է նաև Apple-ին՝ 15 միլիարդ դոլարով, Meta-ին՝ 3 միլիարդ դոլարով, Amazon-ին՝ 2,5 միլիարդ դոլարով և այլ ընկերությունների։
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է կիրառել Առևտրի մասին օրենքի 301-րդ բաժինը՝ ԵՄ-ի գործողությունները հետաքննելու համար, և հավելել է, որ նման քաղաքականության հետևանքների պատճառով Եվրամիության նկատմամբ կարող են սահմանվել զգալի մաքսատուրքեր։