copy image url
Ներքին 19 ժամ առաջ - 21:00 20-07-2026

Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ

Մերի Հակոբյան

Լրագրող

Ռուսաստանի ամենամեծ առցանց առևտրի հարթակներից մեկի՝ Wildberries-ի խոշոր լոգիստիկ կենտրոնների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումները ոչ միայն մարդկային զոհերի պատճառ են դարձել, այլև լուրջ ֆինանսական հարված հասցրել հազարավոր վաճառողների։

Ընկերության գործադիր տնօրեն Տատյանա Կիմը հայտարարել է, որ քննարկվում է հրդեհների հետևանքով ոչնչացված ապրանքների փոխհատուցման հարցը, սակայն առայժմ որևէ հստակ երաշխիք չի տրվել։

Այս իրավիճակում Oragir.News-ը զրուցել է Wildberries հարթակում գործունեություն ծավալող հայ վաճառող Արման Թումասյանի հետ, որի ապրանքները նույնպես ոչնչացել են հրդեհի հետևանքով։

Նրա խոսքով՝ պահեստում այրվել է ավելի քան 6500 միավոր ապրանք, իսկ կրած վնասը գնահատվում է շուրջ 20 հազար դոլար։ «Երկու տարի պահեստավորման վճար եմ կատարել, որպեսզի իմ ապրանքը պահպանվի անվտանգ պայմաններում։ Հիմա, երբ այն ամբողջությամբ ոչնչացել է, պարզվում է՝ վաճառողը մենակ է մնում իր խնդրի հետ»,- ասաց Թումասյանը։

Նա նշում է, որ իր հիմնական ակնկալիքը ոչ միայն Wildberries-ից է, այլև Հայաստանի իշխանություններից։

«Մենք Հայաստանում ենք հարկեր վճարում։ Ապրանքը տանում ենք Ռուսաստանի շուկա, գումար ենք բերում Հայաստան ու այստեղ հարկ վճարում։ Եթե պետությունը նման իրավիճակում իր հարկատուի կողքին չի կանգնում, ապա ո՞րն է նրա դերը։ Պետությունը պետք է պաշտպանի իր քաղաքացիների շահերը»,- ասաց նա։

Թումասյանի խոսքով՝ առանձին վաճառողը գործնականում հնարավորություն չունի իրավական պայքար մղելու նման հսկայական ընկերության դեմ։

«Իմ դեմ կանգնած է մոտ մեկ տրիլիոն դոլար արժողությամբ ընկերություն։ Ես ո՛չ այդպիսի ֆինանսական ռեսուրսներ ունեմ, ո՛չ էլ այնպիսի իրավական հնարավորություններ, որ կարողանամ միայնակ պայքարել նրա դեմ»,- նշեց վաճառողը։

Նա նաև մտահոգություն հայտնեց, որ Wildberries-ի կողմից փոխհատուցումների վերաբերյալ հնչող հայտարարությունները դեռևս հստակություն չեն մտցնում տուժած վաճառողների համար։

Հիշեցնենք, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Wildberries-ի երկու խոշոր լոգիստիկ կենտրոնների՝ Մոսկվայի մարզի Էլեկտրոստալում և Տամբովի մարզում։ Հարձակումների հետևանքով զոհվել է ութ մարդ, ավելի քան 80-ը վիրավորվել են։

Ընկերությունը հայտարարել է, որ քննարկում է տուժած վաճառողներին փոխհատուցելու հնարավորությունը, սակայն վերջնական որոշում դեռևս չի հրապարակել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը