copy image url
Ներքին 55 րոպե առաջ - 20:46 05-09-2026

Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր

Մերի Հակոբյան

Լրագրող

Սեպտեմբերի 5-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսը։

Գրքի հեղինակային ներկայացմամբ՝ այն անդրադառնում է 2018 թվականի Հայաստանում տեղի ունեցած «թավշյա, ոչ բռնի հեղափոխության» ներքին գործընթացներին, կազմակերպչական մանրամասներին և քաղաքական զարգացումներին։

Միջոցառմանը, սակայն, Oragir.News-ը հրավիրված չի եղել։

Ավելին՝ լրատվամիջոցի լրագրողներին միջոցառումը լուսաբանելու հնարավորություն չի տրվել։ Այս իրավիճակում հարց է առաջանում՝ ինչո՞ւ են նման միջոցառումներին որոշ լրատվամիջոցների համար դռները բաց, իսկ մյուսների համար՝ փակ։

Եթե միջոցառումը հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմայի՝ 2018 թվականի իրադարձությունների մասին է, ապա ինչո՞վ է պայմանավորված լրատվամիջոցների նկատմամբ նման տարբերակված վերաբերմունքը։

Հատկապես ուշագրավ է, որ խոսքը գրքի մասին է, որի առանցքում «ժողովրդավարությունը», «քաղաքացիական ակտիվություն»-ն ու հանրային շարժումն են։ Սակայն այդ արժեքների մասին խոսող միջոցառման լուսաբանման հարցում, փաստորեն, բոլոր լրատվամիջոցների նկատմամբ նույն մոտեցումը չի ցուցաբերվել։

Oragir.News-ը շարունակում է հարց բարձրացնել՝ ո՞վ և ի՞նչ չափանիշներով է որոշում, թե որ լրատվամիջոցին պետք է հրավիրել, իսկ որին՝ ոչ։