copy image url
Ներքին Միտք 6 ժամ առաջ - 17:10 06-09-2026

Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք

Անցած շաբաթվա ամենաքննարկվող թեմաներից մեկը Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ապագան էր։

Թեև, ըստ պաշտոնական հայտարարությունների, այս հարցը հայ-ռուսական բանակցությունների օրակարգում չի եղել, Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո բավականին ուղիղ ձևակերպում է արել. «Եթե Հայաստանը համարում է, որ Գյումրիում ռուսական ռազմաբազայի կարիք չունի, մենք հենց վաղն էլ կհեռանանք։ Բայց ՀՀ-ն դրան պատրա՞ստ է։ Մենք ոչ մի բան չենք պարտադրի։ Եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ լինի ռուսական բազա, ապա մենք կմնանք և կաշխատենք ու կգործակցենք»։

Պուտինը շատ ավելի գլոբալ օրակարգ է առաջ քաշում՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշման և հայ-ռուսական հարաբերությունների ապագայի մասին։

Ռուսաստանի նախագահն ակնհայտորեն բարձրացնում է խաղադրույքը՝ էապես սահմանափակելով Փաշինյանի մանևրելու հնարավորությունը։ Նրա ուղերձը բավականին թափանցիկ է. եթե Երևանը գնում է ռազմավարական կողմնորոշման փոփոխության ճանապարհով, ապա պետք է պատրաստ լինի նաև այդ ընտրության հետևանքներին։

Մոսկվան հրապարակավ արձանագրում է, որ Հայաստանն ու Ռուսաստանը գտնվում են դաշնակցային հարաբերությունների աստիճանական կազմաքանդման գործընթացում

Փաշինյանն, ըստ էության, ընդունել է «մարտահրավերը»։

«Ինչ վերաբերում է ռազմաբազային, նման քննարկում չի եղել։ Այս ընթացքում ոչ մի անգամ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցը չենք բարձրացրել։ Այնպես էլ չի, որ մենք համարում ենք, որ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում կենսական անհրաժեշտություն է։ Եթե ՌԴ-ն որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, չենք առարկի, բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, պատրաստ ենք նաև դա քննարկել»,- հայտարարել է Փաշինյանը՝ վերջին ճեպազրույցում։

Ըստ էության, կողմերից յուրաքանչյուրը փորձում է մյուսի վրա թողնել ոչ միայն հարաբերությունների ճգնաժամի, այլև հնարավոր խզման քաղաքական պատասխանատվությունը։

Սակայն խնդիրը միայն պատասխանատվության պարզունակ շերտը չէ:

Հայ-ռուսական հարաբերությունները ասիմետրիկ են, հետևաբար դրանց հնարավոր փլուզման գինը երկու երկրների համար նույնը չի լինելու։ Ռուսաստանը կարող է կորցնել ազդեցության կարևոր լծակ Հարավային Կովկասում, բայց Հայաստանի համար հետևանքները կարող են անմիջականորեն առնչվել անվտանգության, տնտեսության, էներգետիկայի և մի շարք այլ կենսական ոլորտների։

Այս արձանագրումը բնավ էլ Ռուսաստանի քաղաքականության արդարացում չէ, այլ ուժերի հարաբերակցության ռեալիստական արձանագրում:

Բացի այդ, ամենևին փաստ չէ, որ Ռուսաստանը, չնայած Պուտինի հրապարակային հայտարարությանը, նույնքան հեշտությամբ պատրաստ է հրաժարվել Հայաստանում իր ռազմական ներկայությունից։ Մոսկվայի հաշվարկներն, ըստ իս, շատ ավելի բարդ են, քան «ուզում եք՝ կմնանք, չեք ուզում՝ կհեռանանք» հրապարակային բանաձևը։

Բայց Հայաստանի համար առանցքայինը նույնիսկ Ռուսաստանի իրական մտադրությունները չեն։

Վերջին տարիներին Հայաստանում ձևավորվել է անվտանգային հարցերի քննարկման վտանգավոր տրամաբանություն։ Ռուսական անվտանգության համակարգի ակնհայտ անկատարությունը համեմատվում է ոչ թե այդ համակարգի բացակայության հնարավոր հետևանքների, այլ ինչ-որ իդեալական այլընտրանքի հետ, որը գոյություն չունի։

2021-22թթ-ին Ռուսաստանն իսկապես թերացել է երկկողմ և կոլեկտիվ պայմանագրային պարտավորությունների կատարման հարցում: Չեմ էլ ուզում խոսել դրա պատճառների մասին՝ թեև ուկրաինական պատերազմի գործոնն ակնհայտ է:

Բայց այդ փաստից ինքնաբերաբար չի հետևում, որ գործող համակարգից հրաժարվելու հաջորդ օրը Հայաստանը հայտնվելու է ավելի հուսալի և արդյունավետ անվտանգային համակարգում։

Եթե Փաշինյանի իշխանությունը համարում է, որ ռուսական ռազմաբազայի ներկայությունն այլևս Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն չէ, ապա պարտավոր է պատասխանել մի քանի պարզ հարցի. ո՞րն է դրա այլընտրանքը, ո՞վ է լրացնելու հնարավոր անվտանգային վակուումը, ի՞նչ նոր պաշտպանական համակարգ է կառուցվում, ի՞նչ պայմանագրային երաշխիքներ ունի Հայաստանը և ո՞վ է պատրաստ դրանք գործնականում ապահովել ճգնաժամի կամ պատերազմի դեպքում։

Ոչ Ֆրանսիան, ոչ Հնդկաստանը, ոչ էլ ԵՄ-ն Հայաստանին չեն տվել երաշխիքներ, որոնցով պատերազմի դեպքում պարտավորվում են ուժ կիրառել Հայաստանի տարածքի պաշտպանության համար։

Այս համատեքստում խոսքը ոչ թե անվտանգային համակարգի դիվերսիֆիկացիայի, այլ գործող անվտանգային միջավայրը փլուզելու արկածախնդրության մասին է:

Ուստի քննարկման առանցքում չպետք է լինի պարզունակ հարցադրումը՝ ռուսական ռազմաբազան լա՞վ է, թե՞ վատ։

Հարցն շատ ավելի առարկայական է. եթե ռուսական անվտանգային համակարգից հրաժարվում ենք, ապա ի՞նչ ենք կառուցում դրա փոխարեն։

Սա այն հարցն է, որն ամբողջ սրությամբ պետք է դնել Նիկոլ Փաշինյանի առաջ։

Ոչ թե Մոսկվայի շահերից ելնելով կամ հայ-ռուսական հարաբերությունները ցանկացած գնով պահպանելու մոտիվով(ես պատրաստ եմ քննարկել ցանկացած ռացիոնալ այլընտրանք), այլ Հայաստանի պետական շահի և անվտանգության տեսանկյունից։

Պետությունը չի կարող իր անվտանգային համակարգը փոխել «կգնան՝ չենք առարկի» տրամաբանությամբ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին