Oragir.News–ն իր վերջին հրապարակումներից մեկում անդրադարձել էր Երևանի պետական համալսարանի կողմից հրապարակված տարեկան հաշվետվությանը, որում տեղ գտած տեղեկատվությունը հարցեր էին առաջացրել։
Ըստ ԵՊՀ հաշվետվության, Մայր բուհը հաշվետու տարում արձանագրել է մի շարք քանակական արդյունքներ՝ դրանք որակելով առանցքային
իրադարաձություններ։
Տարեկան հաշվետվության մեջ զգալի տեղ է հատկացված սոցիալական ցանցերի (Facebook, Instagram, LinkedIn) ցուցանիշներին, այդ թվում՝ սթորիների և ռիլերի քանակին։
Oragir.News–ը գրավոր հարցում էր ուղարկել ԵՊՀ ղեկավարությանը՝ խնդրելով հստակեցնել՝ արդյոք ո՞րն է բուհի որդեգրած մեդիա ռազմավարությունը, և ինչպե՞ս են հաշվետվության մեջ արտացոլված թվային ցուցանիշները նպաստում ԵՊՀ-ի հիմնական ակադեմիական նպատակների իրագործմանը։
Խնդրել էինք պարզաբանել նաև՝ կա՞ն արդյոք տվյալներ, թե էջերի ակտիվությունը որքանով է օգնել, օրինակ, օտարերկրյա դիմորդների կամ միջազգային գիտական գործընկերների ներգրավման հարցում։
Հետաքրքրական է նաև, թե ինչպես է որոշվում հաշվետվության մեջ ներառվող տեղեկատվության առաջնահերթությունը։ Օրինակ՝ ինչո՞ւ է կարևոր համարվել հաշվետվության մեջ ներառել տեղադրված սթորիների կոնկրետ քանակը։
Ի պատասխան մեր ուղարկած գրավոր հարցման՝ ԵՊՀ-ից հայտնում են հետևյալը. «Հաղորդակցությանը վերաբերող մոտեցումները ձևակերպված են ԵՊՀ զարգացման ռազմավարությամբ: Այժմ ԵՊՀ հաղորդակցական նոր քաղաքականությունը վերջնականացման փուլում է։ Ցուցանիշները նպատակների իրագործումը չափելու և գնահատելու հնարավորություն են տալիս։ Այո՛, առկա են տվյալներ, որոնք փաստում են, օրինակ, օտարերկրյա դիմորդների կամ միջազգային գիտական գործընկերների ներգրավման հարցում ԵՊՀ սոցիալական էջերի ակտիվ դերակատարման մասին: Հաշվետվության մեջ ներառվող տեղեկությունների առաջնահերթությունը որոշվում է՝ ըստ սահմանված մեթոդաբանության»,- նշված է ԵՊՀ հաղորդագրության մեջ։