Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 ժամ առաջ - 09:34 23-06-2026

Հոնդուրասը նախատեսում է Ուկրաինայից անօդաչու թռչող սարքեր գնել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Հոնդուրասի նախագահ Նասրի Ասֆուրան պաշտոնապես հայտարարել է, որ իր երկիրը նախատեսում է Ուկրաինայից գնել ժամանակակից անօդաչու թռչող սարքեր, որոնք կիրառվելու են պետական սահմանների արդյունավետ պաշտպանության, բարձր տեխնոլոգիական սարքավորումներով կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում օգտագործելու նպատակով:

Այս մասին հաղորդում Meduza-ն՝ մանրամասնելով, որ Հոնդուրասի ղեկավարն անցյալ շաբաթ պաշտոնական այցով եղել է Կիևում, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, ով իր հերթին առաջարկել է օգտվել ԱԹՍ-ների կիրառման իրենց հարուստ մարտական փորձից:

Ի տարբերություն Ուկրաինայի, որտեղ անօդաչուներն օգտագործվում են ռազմական գործողություններում, Հոնդուրասն այսօր բախվում է ներքին բռնի հանցագործությունների հսկայական ճգնաժամի, որտեղ սպանությունների մակարդակը 100,000 մարդու հաշվով կազմում է 24 (ինչը, ի դեպ, չորս անգամ գերազանցում է համաշխարհային միջինը)՝ պայմանավորված թմրանյութերի անօրինական շրջանառությամբ, ավազակախմբերով և անվտանգության համակարգի կոռուպցիայով:

Ուշագրավ է նաև այն փաստը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը վայելող Նասրի Ասֆուրան Հոնդուրասի նախկին նախագահ Խուան Օռլանդո Հերնանդեսի քաղաքական դաշնակիցն է. վերջինս 2024 թվականին արտահանձնվել էր ԱՄՆ և դատապարտվել ավելի քան 400 տոննա թմրանյութի մաքսանենգության համար, սակայն մեկ տարի անց ներում էր ստացել անձամբ Թրամփի կողմից։