Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով «Թուրքական կարմիր մահիկի» (Türk Kızılay) հիմնադրման տարեդարձին նվիրված միջոցառմանը, անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածում կազմակերպության գործունեությանը և քննադատել Իսրայելին։
Էրդողանը Նեթանյահուի կառավարությունն անվանել է «սիոնիստական ցեղասպանության ցանց» և նշել, որ Իսրայելը վերածվել է «քաոսի և արցունքի արտադրամասի»։ Ըստ նրա՝ նման պայմաններում թուրքական կողմն ակտիվորեն շարունակում է օգնություն ցուցաբերել պաղեստինցիներին։
Թուրքիայի նախագահը ներկայացրել է հոկտեմբերի 7-ից ի վեր իրականացված մարդասիրական աշխատանքների վիճակագրությունը: Ըստ այդմ՝ Գազա է հասցվել ավելի քան 26․000տ. օգնություն, տրամադրվել է 15 մլն բաժին տաք սնունդ, իսկ տեղի բարեգործական ճաշարանների միջոցով օրական հացով է ապահովվել 30․000 մարդ։
Էրդողանը հավելել է, որ Գազայից բացի, թուրքական կազմակերպությունն ակտիվ գործունեություն է ծավալում նաև Լիբանանում, որը նույնպես հանդիսանում է Իսրայելի թիրախը։
Աղբյուր՝ Ermenihaber