Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 18:15 09-12-2025

Ֆրանսիայի դիվանագիտական համարանիշով մեքենան խախտել է երթևեկության կարգը

Երևանում երեկ քաղաքացիները նկատել են «03 D 011 AM» համարանիշով ավտոմեքենա՝ կայանված հետիոտնային անցումների վրա։ Համաձայն բաց տեղեկատվության՝ նշված համարանիշը դասվում է դիվանագիտական համարանիշների շարքին, 13-րդ տեսակն է, որն օգտագործվում է դիվանագիտական ներկայացուցչություններին պատկանող մարդատար և բեռնատար ավտոմեքենաների համար։

Oragir.News-ն ուսումնասիրելով օտարերկրյա դիվանագիտական համարանիշների դասակարգումը, պարզեց, որ մեքենան պատկանում է Ֆրանսիայի դեսպանությանը։ Oragir.News-ի հարցմանն ի պատասխան Ֆրանսիայի դեսպանատունը ևս հաստատեց, որ ավտոմեքենան իրենց է պատկանում։

Նշենք, որ տարբեր երկրներում դիվանագիտական մեքենաներն ունեն որոշակի արտոնություններ։ Որոշ երկրներում դրանք կարող են չենթարկվել կամ պարտավոր չեն ենթարկվել, որոշ երկրներում պարտավոր են ենթարկվել տեղական ճանապարհային երթևեկության կանոններին։

Ճանապարհային ոստիկանությունից Oragir.News-ի հետ զրույցում պազաբանեցին, որ Հայաստանում ոչ մի տաբերություն չկա մեքենան անհատի է պատկանում, թե դիվանագիտական ծառայությունների համար է։

«Եթե խախտում է արել, ուրեմն պետք է տուգանվի։ Տարբերություն չկա, թե մեքենան ում է պատկանում»,- ասացին ՃՈ-ից։

Oragir.News-ը հույս ունի, որ այս միջադեպը բացասաբար չի անդրադառնա հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների վրա, իսկ Ֆրանսիայի դեսպանության ծառայողական ավտոմեքենաների վարորդները հարգանքով կվերաբերվեն ՀՀ-ում Ճանապարհային երթևեկության կանոններին և հետիոտնի իրավունքներին։