copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 13:42 01-12-2025

Կարևորում ենք կանանց դերը ոչ միայն որպես խաղաղության շահառուներ, այլ՝ որպես դրա ակտիվ ստեղծողներ. Արմեն Գրիգորյան

Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 1-ին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի 25-ամյակի «Ապրող օրակարգ. Կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգի 25 տարին և Հայաստանի կոչը՝ հանուն մարդկայինանվտանգության» միջազգային կոնֆերանսի ընթացքում:

«Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Շատ ուրախ եմ ողջունել Ձեզ այս կարևոր միջազգային համաժողովի ընթացքում, որը նվիրված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի ընդունման 25-ամյակին։ Այս փաստաթուղթը 25 տարի առաջ հիմք դրեց նոր գլոբալ օրակարգի՝ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» և ստեղծեց պատմական իստիտուցիոնալ հիմք՝ կանանց դերի ճանաչման համար՝ հակամարտությունների կանխարգելման, խաղաղության հաստատման և հետպատերազմյան վերականգնման գործընթացներում։

Այս տարվա միջոցառման թեման՝ «Ապրող օրակարգ․ կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգի 25 տարին և Հայաստանի կոչը՝ հանուն մարդկային անվտանգության», առանձնապես արդիական է մեր տարածաշրջանի համար, որտեղ խաղաղությունն ու անվտանգությունը դարձել են տարածաշրջանում ապրող մարդկանց զարգացման հիմնարար նախապայմաններ։ Իսկ հոբելյանական տարեթիվը ոչ միայն խորհրդանշական է, այլ նաև պարտավորեցնող՝ մեզ հիշեցնելով, որ խաղաղությունը և անվտանգությունը չեն կարող լինել կայուն, եթե դրանց կառուցման գործընթացներում կանանց ձայնը և մասնակցությունը լսելի չեն։

Հարգելի՛ հյուրեր,

Հայաստանը հետևողական է իր հանձնառությանը՝ կյանքի կոչելու «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» բանաձևի գործողությունների ազգային ծրագիրը, որը ներառում է ռազմավարական և գործնական միջոցառումներ՝ ուղղված կանանց ընդգրկմանն անվտանգության ոլորտում՝ հիմնված ներառականության, կայունության և մարդկային անվտանգության ապահովման սկզբունքների վրա։

ՀՀ կառավարությունը և մասնավորապես Պաշտպանության նախարարությունն իրականացրել և շարունակում են իրականացնել մի շարք ծրագրեր՝ ուղղված զինվորական և քաղաքացիական անվտանգության կառույցներում կանանց ներգրավմանն ու մասնագիտական զարգացմանը, ինչպես նաև ռազմավարական պլանավորման, ճգնաժամային կառավարման և խաղաղապահ առաքելություններում ներգրավման բարձրացմանը, որտեղ և առաջընթացը նշանակալի է: Մենք նաև մեծ կարևորություն ենք տալիս քաղաքացիական հասարակության դերակատարությանը, քանի որ կանանց իրավունքներով զբաղվող հասարարական կազմակերպություններն ակտիվորեն մասնակցում են խաղաղաշինական նախաձեռնություններին, կոնֆլիկտների կանխարգելմանը, խաղաղության խթանմանը, սահմանամերձ համայնքներում իրականացնում են կայունությանն և կանանց ներգրավվածության բարձրացմանն ուղղված ծրագրեր, որոնք միանշանակ է, որ նպաստում են կանանց առաջնորդության զարգացմանը:

Հայաստանում վերջին տարիներին կանանց ներգրավվումն անվտանգային և պաշտպանական ոլորտներում գրանցում է կայուն աճ: Այսօր Զինված ուժերում նկատելիորեն աճել է կին զինծառայողների թվաքանակը, բարձրացել է կանանց մասնակցությունը նաև քաղաքական որոշումների կայացման հարցերում: «Գլոբալ գենդերային անհավասարության զեկույցի» համաձայն՝ Հայաստանը 146 երկրների շարքում զբաղեցնում է 59-րդ տեղը՝ տարածաշրջանային երկրների շարքում լինելով առաջինը: Այսօր ՀՀ ազգային ժողովում կանանց ներգրավվածությունը հասել է 38%-ի, որը ևս տարածաշրջանային առումով ամենաբարձր ցուցանիշն է: Կանայք ներկայացված են նաև Կառավարության կազմում, տեղական ինքնակառավարման մարմիններում և պետական կառավարման տարբեր օղակներում:

Հարգելի գործընկերներ,

Հայաստանը, գտնվելով բարդ տարածաշրջանում, ունի սեփական փորձ՝ որտեղ անվտանգության ընկալումը վերափոխվում է մարդկային և հանրային դիմակայունության մոդելի։ Մենք հասկանում ենք, որ անվտանգության համակարգերը չեն կարող արդյունավետ լինել, եթե դրանց հիմքում բացակայում է հանրային վստահությունը, մասնակցությունը և հավասարությունը։ Այդ իսկ պատճառով մեր նպատակն է ապահովել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի՝ կին թե տղամարդ, կկարողանա ապրել անվտանգ, արժանապատիվ և խաղաղ պայմաններում։ Այս համատեքստում մենք կարևորում ենք կանանց դերը ոչ միայն որպես խաղաղության շահառուներ, այլ՝ որպես դրա ակտիվ ստեղծողներ։ Նրանց ներգրավվածությունը քաղաքական որոշումների կայացման, խաղաղապահ ջանքերի և անվտանգության քաղաքականությունների մշակման գործընթացներում՝ կարևոր են իրական և երկարատև խաղաղության հաստատման համար։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Թող մեր քննարկումները ոչ միայն վերաիմաստավորեն անցած 25 տարիները, այլև դառնան հիմք նոր անվտանգության մշակույթի ձևավորման համար, որտեղ խաղաղությունը պահպանվում է վստահության, ներառականության և համագործակցության միջոցով։

Շնորհակալություն»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը

Ձեզ գուցե հետաքրքրի