Ջամայկան Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ին կհանձնի միջնորդագիր՝ պահանջելով իրավական գնահատական տալ ստրկության և դրա հետևանքների համար Բրիտանիայի պատասխանատվությանը։ Փաստաթուղթը պետք է պաշտոնապես ներկայացվի միապետին սեպտեմբերի 7-ին, հայտնել է Ջամայկայի մշակույթի նախարար Օլիվիա Գրեյնջը, որը գլխավորում է երկրի պատվիրակությունը Լոնդոնում, տեղեկացնում է The Guardian-ը։
Միջնորդագրում Չարլզ III-ին, որը Ջամայկայի պետության ղեկավարն է, խնդրում են դիմել Գաղտնի խորհրդի դատական կոմիտեին երեք հարցով՝
1․ Աֆրիկացիների հարկադիր տեղափոխումը Ջամայկա օրինակա՞ն էր,
2․ Ստրկությունը մարդկության դեմ հանցագործությո՞ւն էր,
3․ Մեծ Բրիտանիան ունի՞ իրավական պարտավորություն՝ փոխհատուցում տրամադրելու ստրկության և դրա երկարաժամկետ հետևանքների համար։
Խոսքը հենց իրավական գնահատականի հարցման մասին է, այլ ոչ թե վճարումների անմիջական պահանջի։
«Մենք տոկուն ժողովուրդ ենք։ Մենք կարողացանք վերականգնվել, օրինակ, «Մելիսա» փոթորկից հետո։ Բայց մեզ դեռ շատ բան է սպասվում անելու, և կարելի է պատկերացնել, թե որքան ավելի լավ կկարողանայինք զարգանալ, եթե չունենայինք այս ժառանգված խնդիրները՝ ստրկության հետևանքները»,- ասել է Գրեյնջը։
Ըստ նրա, ստրկության հետևանքները շարունակում են ազդել Ջամայկայի տնտեսության և սոցիալական ոլորտի վրա՝ կրթությունից և առողջապահությունից մինչև բնակչության սննդակարգի կազմը։
Նախարարը շեշտել է, որ երկիրը Կարիբյան տարածաշրջանում առաջինն է ստեղծել ազգային մեխանիզմ ռեպարացիաների հարցով՝ 2009 թվականին։
Նախկին եվրոպական գաղութներին փոխհատուցումների հարցը վերջին տարիներին միջազգային մակարդակում նոր թափ է ստացել։ Ջամայկան և Կարիբյան համայնքի մյուս պետությունները ձգտում են հասնել անդրատլանտյան ստրկավաճառության երկարաժամկետ հետևանքների ճանաչմանն ու դրանց վերացմանն ուղղված քայլերի իրականացմանը։ Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիան նախկինում մերժել էր ստրկության համար վճարումների կոչերը։
Այցի շրջանակում Ջամայկայի պատվիրակությունը նաև մտադիր է Բրիտանական թանգարանի ներկայացուցիչների հետ քննարկել գաղութատիրական շրջանում կղզուց դուրս բերված արտեֆակտների հայրենադարձման հարցը։
Ներկայիս արշավի ամսաթիվը պատահական չի ընտրվել․ 1781 թվականի սեպտեմբերի 6-ին Zong նավը Արևմտյան Աֆրիկայից ուղևորվել էր դեպի Ջամայկա՝ նավի վրա ունենալով հարյուրավոր ստրկացված աֆրիկացիներ։
Նավարկության ընթացքում հարյուրից ավելի մարդ նետվել էր ծովը։ Ջամայկայի պատվիրակությունը Լոնդոնում անցկացնում է հիշատակի միջոցառում՝ ողբերգության տարելիցի կապակցությամբ։