copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:00 19-07-2024

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության ղեկավար Վասիլիս Մարագոսը հայտարարել է, որ ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցությանը, այդ թվում՝ մշակութային համագործակցությանն ու պատմամշակութային ժառանգության պահպանմանը՝ աջակցելով համապատասխան նախագծերի իրականացմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում ԵՄ դեսպանն այս մասին հայտարարեց Մատենադարանում մեկնարկած Հայագիտական միջազգային կոնգրեսի բացման հանդիսավոր արարողության ժամանակ։ Դեսպան Մարագոսը Եվրոպական միության անունից ողջունեց Կոնգրեսին մասնակցող օտարերկրյա հյուրերին՝ նշելով, որ իր համար հատկապես հաճելի է այն հանգամանքը, որը մասնակիցներից շատերը եկել են հենց Եվրամիության անդամ երկրներից:

«Եվրամիությունը մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանի հետ համագործակցությանը, այդ թվում՝ մշակութային համագործակցությանը և պատմամշակութային ժառանգության պահպանմանը։ Հետևաբար, այս Կոնգրեսը կարևոր դիրք է զբաղեցնում, քանի որ այն ստեղծում է համագործակցային հետազոտությունների միջավայր, բայց նաև պահպանում է Հայաստանի հարուստ, հնագույն ժառանգությունը, որն էլ Կոնգրեսի նպատակներից մեկն է։

Եվրամիությունը և Հայաստանը համագործակցում են շատ կարևոր համաձայնագրի միջոցով, որը մենք ունենք։ Խոսքը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին է՝ ստորագրված դեռևս 2017 թվականին: Եվ այս համաձայնագիրը ներառում է համագործակցության բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ մշակույթի ոլորտը։ Այն ընդգծում է միջմշակութային երկխոսությունը, համագործակցությունը, բազմազանությունը, բայց նաև Հայաստանի մշակութային և պատմական ժառանգության պահպանումը, որը համաշխարհային ժառանգություն է, բայց նաև եվրոպական ժառանգություն, քրիստոնեական ժառանգություն», - իր խոսքում նշեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Խոսելով կրթության ոլորտի մասին՝ Մարագոսը նշել է, որ Եվրամիությունը աջակցում է ազգային կրթական ռազմավարության իրականացմանը:

«Մենք ունենք 32 մլն եվրոյի բյուջետային աջակցության ծրագիր, որը նախատեսված է մինչև 2025թ թվականը։ Բյուջետային աջակցության այս ծրագիրը նպատակ ունի բարձրացնել հայկական կրթության և հայ աշակերտների մրցունակությունը, մասնավորապես մրցունակ տնտեսություն ունենալու, բայց նաև ներառական հասարակություն ունենալու առումով: Եվրամիությունը սերտորեն համագործակցում է Հայաստանի հետ նաև հետազոտությունների և նորարարության ոլորտում», - ընդգծեց դեսպանը՝ շեշտելով, որ ԵՄ-ն նաև հանձնառու է ֆինանսավորել և աջակցել Հայաստանում մշակութային նախաձեռնություններին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր