copy image url
Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 11:48 11-10-2023

Կոպերկինը պնդում է՝ ՌԴ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում Սյունիքի մարզի խնդիրներին

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սյունիքի մարզ` գնահատելու Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքները, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և տեղի իշխանության այլ ներկայացուցիչների հետ քննարկելու մի շարք արդիական հարցեր` անվտանգություն, հյուպատոսության բացում, սոցիալական ծրագրեր իրականացնող ընկերություններ և այլն։

Դեսպանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է այցի արդյունքների մասին և պատասխանել առաջնահերթ խնդիրներին վերաբերող հարցերին։

Ռուսաստանը Հայաստանի համար օգնության զգալի փաթեթ է պատրաստում ինչպես պետական, այնպես էլ հասարակական կազմակերպությունների մակարդակով։ Դեսպանի խոսքով` հանդիպման ընթացքում կողմերը հիմնական ուշադրությունը սևեռել են Սյունիքի մարզի խնդիրների վրա։ Տեղի իշխանությունների ուշադրության կենտրոնում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների խնդիրներն են։ ՌԴ դիվանագետի գնահատմամբ` նրանք հսկայական և արդյունավետ աշխատանք են անում։

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում և Սյունիքի մարզում, շատ կարևոր է Ռուսաստանի համար։ Հայաստանն ու հայ ժողովուրդը, այդ թվում` ԼՂ հայերը, կարևոր են մեզ համար։ Նրանք օտար մարդիկ չեն։ Մենք շատ սերտ ենք կապված։ Այն իրավիճակն ու այն ցավը, որն ապրում է ժողովուրդը, ընկալում ենք որպես մեր սեփականը։ Ով ինչ էլ ասի` Ռուսաստանն անտարբեր չէ այդ ամենի նկատմամբ և իր գործողություններով ցույց է տվել, ցույց է տալիս և ցույց կտա, որ սա շատ կարևոր երկիր և ժողովուրդ է, որոնց հետ հազարամյակներով հարաբերություններ է կառուցել և մտադիր է հետագայում ևս անել դա»,- նշեց դիվանագետը։

Կոպիրկինը վստահեցրեց, որ ՌԴ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում Սյունիքի մարզի խնդիրներին և պատրաստ է օգնել դրանց լուծման հարցում` առաջնահերթ կենտրոնանալով մարդասիրական բնույթի հարցերի վրա։ Այդ կապակցությամբ դիվանագետը դրական գնահատեց Ռոսսոտրուդնիչեստվոյի արձագանքը տեղահանվածների առաջնային կարիքներին։

Ռուսաստանը բավական ակտիվ աշխատել է և շարունակում է աշխատել, որպեսզի տարածաշրջանային հակամարտությունը, չնայած բոլոր դժվարություններին, լուծվի ներգրավված բոլոր կողմերի համար արդար հենքի վրա։

«Առանց դրա դժվար է տևական խաղաղություն հաստատել, իսկ մեր նպատակն է, որ այստեղ խաղաղություն լինի։ Հատկապես այն մարդկանց համար, որոնք վերջին տասնամյակներում շատ են տառապել ու հանգիստ կյանք են ուզում իրենց և իրենց երեխաների համար և որոշակի վստահություն ապագայի հարցում»,- ընդգծեց դեսպանը։

Կոպիրկինը նշեց, որ փորձել է տեղի ղեկավարությանը ազդակներ փոխանցել այն մասին, որ ՌԴ–ն ակտիվ և հետևողական քայլեր է ձեռնարկել և ձեռնարկելու խնդիրների լուծման հարցում օգնելու համար։

Եվս մեկ կարևոր հարց, որը քննարկվել է տեղի իշխանությունների հետ, Կապանում գլխավոր հյուպատոսության բացումն է։ Կոպիրկինը աջակցության և կառուցողական մոտեցման համար երախտագիտություն հայտնեց Սյունիքի ղեկավարությանը։

Առաջին անգամ Սյունիքում ՌԴ հյուպատոսության հավանական բացման մասին 2023 թվականի մայիսի վերջին հայտնել էր ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Պալտովը։ Նրա խոսքով` Մոսկվայում մայիսի 25-ին կայացած Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը ողջունել է այդ նախաձեռնությունը։

«Սա նոր և շատ կարևոր պահ է։ Այստեղ մեր դիվանագետների առաջատար խումբ է աշխատում, որը նախապատրաստվում է այդ բացմանը», – նշեց դեսպանը։

ՌԴ պատվիրակության մյուս նպատակը մարզում աշխատող ՌԴ ներկայացուցիչների` զինվորականների, 102-րդ ռազմաբազայի գումարտակային խմբի, սահմանապահների հետ շփումն է։ Ինչպես նշեց դիվանագետը, այդ մարդիկ շատ բան են անում, որպեսզի այս բարդ իրավիճակում պահպանեն կայունությունն ու հայկական սահմանների անվտանգությունը։

«ՌԴ զինվորականների և սահմանապահների ներկայությունը անփոխարինելի դեր ունի։ Հատկապես այն պահին, երբ իրավիճակը բավական նյարդային է, շատ է խոսվում «Զանգեզուրի միջանցքի» մասին, և մարդիկ փորձում են հասկանալ` ինչ է լինելու հետագայում` Լեռնային Ղարաբաղից հետո։ Եվ իհարկե ցանկացած գործողություն և քայլ, որոնք օգնում են մարդկանց մեծ վստահություն հաղորդել, շատ կարևոր է», - ասել է Կոպիրկինը։


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը