copy image url
Ներքին Միտք 2 տարի առաջ - 21:16 28-03-2024

Կրեմլի տապալումը Հայաստանում․ վերահաս պատժի ծավալները և ժամկետը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել «Իզվեստիա» թերթին։

Հարցազրույցի ընթացքում ռուսական դիվանագիտության ղեկավարն առանձին անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններում վերջին մի քանի տարվա զարգացումներին և ներկա վիճակին։ Մեջբերում ենք այդ առնչությամբ Լավրովի խոսքը։

«Ես արդեն առիթ եմ ունեցել մեկնաբանելու Հայաստանում ներկայում տիրող իրավիճակը։ Այն, իհարկե, լավատեսության հույսեր չի ներշնչում։ Հայկական ղեկավարությունն, եթե ուղիղ ասենք, հորինված պատրվակներով աղավաղելով վերջին 3-3․5 տարվա պատմությունը, գիտակցաբար գործընթացը տանում է դեպի Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզում, պիտակավորելով մեր զինվորներին, որոնք ծառայություն են կրում 102-րդ ռազմաբազայում, մեր սահմանապահներին, պիտակավորելով, ընդհանուր առմամբ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։ Չի հիշատակվում ոչինչ այն մասին, որ հենց ՀԱՊԿ-ն է ծանր իրադրություններում բազմիցս պաշտպանել Հայաստանի շահերը, չի հիշատակվում այն մասին, որ ՀԱՊԿ-ը պատրաստ էր 2021 թվականին Հայաստան ուղարկել իր խաղաղապահառաքելությունը՝ նվազեցնելու լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ընդ որում՝ առաքելության մանդատն ամբողջությամբ համաձայնեցված էր Երևանում նույն թվականի աշնանն անցկացված նախարարական հանդիպմանը․․․ Մենք նիստ էինք անցկացրել մինչև ուշ գիշեր, ամբողջը համաձայնեցրել, բայց առավոտյան, երբ հանդիպեցին երկրների առաջնորդները՝ պարոն Փաշինյանն ասաց, որ կոնսենսուս չկա։ Եվ դրանից մի քանի օր անց նա Հայատան հրավիրեց նույնպիսի խաղաղապահ առաքելություն, բայց արդեն Եվրոպական Միությունից՝, ընդ որում՝ խոստանալով Ադրբեջանին, որ դա (եվրոպական առաքելությունը – հեղ․) 2 ամսով է։Իսկ 2 ամիս անց, անտեսելով Ադրբեջանին, ԵՄ-ն այդ առաքելության կազմը կրկնապատկեց, և հիմա այնտեղ են ուղարկվում զինծառայողներ Նորվեգիայից, Կանադայից ու Միացյալ Նահանգներից՝ դարձնելով ԵՄ առաքելությունը ՆԱՏՕ-ի առաքելություն։ Եվ ահա, վերջին մի քանի տարիների այդ ամբողջ պատմությունը աղճատվում է պարոն Փաշինյանի, նրա աշխատակիցների, խորհրդարանի ղեկավարության կողմից․․․»։

Ինչ խոսք, փորձառու ռուս դիվանագետի կողմից զգացվում է նյարդային խոսույթը, որն ըստ ամենայնի՝ պայմանավորված է հայ գործընկերների հետ փոխգործակցության մակարդակի զգալի իջեցմամբ։ Իսկ փոխգործակցության աստիճանն իսկապես գտնվում է գահավիժման վիճակում․ ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովի անցկացումը, փաստորեն, բոլոր հնարավոր դիվանագիտական խողովակներով փորձ արվեց չեղարկել, բայց այդ փորձերն արդյունք չտվեցին։ Դա, կարելի է ասել, անձամբ Լավրովի ձախողումն էր․ հաստատաբար, Կրեմլը նրան էր հանձնարարել ամենահնարավոր սպառնալիքների և շանտաժի խոսույթի կիրառմամբ Փաշինյանին ետ պահել եվրոմերձեցումից։ Հիշենք, թեկուզ, Լավրովի տեղակալ Գալուզինի, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովայի բազմաթիվ անդրադարձերը, որոնցից յուրաքանչյուրում գրգռվածության տոկոսը միայն աճում էր։

Մի կողմ թողնենք ռուսական պաշտոնական շրջանակներում ներքին «ռազբորկաները», որոնք անպայման տեղի են ունենում Հայաստանի «ինքնագործունեությունը» չեզոքացնելու հանձնարարության տապալման առիթով։ Առավել կարևոր է, թե Հայաստանին «խելքի բերելու» համար Ռուսաստանը և Թուրքիան ինչ պատիժ են սահմանելու, և երբ է այդ պատիժն ի կատար ածվելու։

Իսկ մինչ այդ, փաշինյանական ռեսուրսները, միմյանց հերթ չտալով, հրապարակ են նետում Ռուսաստանի «դավաճանությունները» Հայաստանի նկատմամբ․․․

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում