copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:04 26-01-2024

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Ջեորջիո Սկարցիոյին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ, սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր մարմնի անդամ Ջեորջիո Սկարցիոյին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը և գործադիր տնօրեն Նատալյա Բունիաթյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հյուրին, նշել է, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից են սպորտի զարգացումն ու միջազգայնացումը:

«2023 թ. դեկտեմբերին հաստատվեց ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը, որում առանձնակի շեշտադրված է միջազգայնացման քաղաքականությունը: Այս ուղղությամբ հասցրել ենք 2023 թ. ակտիվ քայլեր ձեռնարկել՝ Հայաստանում հաջողությամբ անցկացնելով 5 խոշոր միջազգային առաջնություն: 2024 թ. Երևանում կընդունենք ՈՒԵՖԱ Ֆուտզալի չեմպիոնների լիգայի եզրափակիչը, շուտով կանցկացվեն բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական հանդիպումները»,- հանդիպման ընթացքում ասել է նախարարը՝ ընդգծելով, որ միջազգային մրցաշարերի հյուրընկալման քաղաքականությունը լինելու է շարունակական: Անդրադառնալով Հայաստանում սուսերամարտ մարզաձևի զարգացմանը՝ նախարարը կարևորել է Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի կողմից կազմակերպվող մարզչական և մրցավարական սեմինարներին Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի մարզիչներին և մրցավարներին ներգրավելու հարցը:

Այս համատեքստում քննարկվել է սուսերամարտի Եվրոպական կոնֆեդերացիայի տարաբնույթ աշխատանքային խմբերում հայ մասնագետների ընդգրկման հնարավորությունը:

«Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի համար շատ կարևոր է կապեր հաստատել Հայաստանի հետ, որտեղ սպորտը մեծ ապագա ունի»,- ասել է կոնֆեդերացիայի նախագահ Ջեորջիո Սկարցիոն՝ նշելով, որ տպավորված է 2018 թ. Հայաստանում անցկացված Եվրոպայի սուսերամարտի մինչև 23 տարեկանների առաջնությամբ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն իր հերթին ընդգծել է, որ սուսերամարտը Հայաստանում լուրջ ավանդույթներ ունեցող և սիրելի մարզաձև է. մեր երկիրը բազմաթիվ չեմպիոններ է ունեցել:

Հանդիպման ավարտին կողմերը հաստատել են համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg