Կինոթատրոններում մեկնարկել է «Մի գդալ սեր» նոր լիամետրաժ ֆիլմի ցուցադրությունը, որը Mitoyan Production-ի և HK Production-ի համատեղ աշխատանքն է՝ Ազգային կինոֆոնդի աջակցությամբ։
Ֆիլմի ռեժիսոր և համասցենարիստ Հրաչ Քեշիշյանը, լրագրողների հետ զրույցում ամփոփելով շուրջ մեկ տարվա աշխատանքը, նշել է, որ նկարահանումները մեկնարկել էին 2025 թվականի սեպտեմբերի 9-ին և հիմնականում անցկացվել Տավուշի մարզում՝ Դիլիջանում։
Ֆիլմի սցենարը ստեղծվել է Փոփի Ջ. Անդերսոնի «Կրքոտ խոհանոց» գրքի հիման վրա, որի համահեղինակն է Արտակ Ալեքսանյանը․ սա նրա առաջին լիամետրաժ ֆիլմն է, սակայն նա ակնարկել է արդեն հաջորդ նախագծի վրա աշխատելու մասին։
Գլխավոր հերոսներին մարմնավորել են Անի Խաչիկյանն ու Ներսես Ավետիսյանը, իսկ դերասանական կազմում ընդգրկվել են նաև Մարջան Ավետիսյանը, Նազենի Հովհաննիսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Լևոն Հարությունյանը և Արսեն Գրիգորյանը։
Պրոդյուսեր Միտոյանի փոխանցմամբ՝ դերից միակ հրաժարվողը եղել է Իննա Խոջամիրյանը՝ անձնական պատճառներով։ Ֆիլմն առանձնանում է նաև հարուստ երաժշտական ձևավորմամբ․ որպես գլխավոր սաունդթրեք ընտրվել է Ռոլանդ Գասպարյանի «Մի գդալ սեր» երգի քավեր տարբերակը՝ Kami Friends-ի կատարմամբ, իսկ ենթագրերում իր մահից հինգ տարի անց հայտնվել է երգիչ Հայկոյի անունը, որի գրած մեղեդին գործիքավորել է Արման Պարսամյանը։
Ֆիլմում հնչում են նաև Իվետա Մուկուչյանի «On My Mind» անգլալեզու ստեղծագործությունը, Արսեն Գրիգորյանի երգերը և այլ աշխատանքներ։ Նկարահանող թիմի խոսքով՝ ֆիլմն աչքի է ընկնում յուրահատուկ ջերմությամբ, քանի որ ստեղծագործական կազմը ներդրել է անձնական ջանքեր․ օրինակ՝ Բոստոնի տեսարանը նկարահանվել է Արտակ Ալեքսանյանի տանը, իսկ Անի Խաչիկյանն օգտագործել է իր տան սպասքը։ Ֆիլմն արդեն հասանելի է բոլոր կինոթատրոններում։
Ֆոտոշարք