copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:44 31-12-2023

Բարոյականության չափանիշներ պետք է լինեն. Սևակի թոռը՝ պապի դիմանկարով գուլպաների մասին

Oragir.News-ը շարունակում է հետամուտ լինել՝ պարզելու, թե ինչպիսի կարծիք ունեն այն մտավորականների հետնորդները, որոնց ծնողների լուսանկարներն օգտագործվում են շապիկների, գուլպաների կամ այլ տեսակի կտորեղենի վրա՝ տպագրությունների նպատակով:

Հերթական անգամ մեր հետևորդներից ստացել ենք լուսանկար, որտեղ պատկերված է Պարույր Սևակի դիմանկարը՝ «Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի, մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում» գրվածքով:

Պարույր Սևակի դիմանկարի և տողերի՝ այս տպագրություններում գործածման շուրջ Oragir.News-ը զրուցել է գրողի թոռան՝ բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ, «Պարույր Սևակի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Ղազարյանի հետ, ով նշեց, որ ինքն էլ չի հավանել լուսանկարի՝ տվյալ ձևաչափով գործածումը.

«Վերաբերմունքս, միանշանակ, բացասական է, եթե դա անճաշակ է արված, սխալ տեսակի հագուստի՝ գուլպայի, ներքնաշորի, ներքնազգեստի վրա է: Գուլպաների լուսանկարն ինձ էլ են ուղարկել, որն ընդհանրապես չեմ հավանել: Այստեղ խնդիրն այն է, որ դիմանկարից զատ՝ կան նաև տեքստեր: Տեքստերի դեպքում՝ մենք կարողանում ենք ինչ-որ կերպ ազդել, որովհետև տեքստերի վրա տարածվում է հեղինակային իրավունքը»: Գրականագետի խոսքով՝ աշխատանքային օրերի սկսվելուն պես՝ կանդրադառնա դրան. «Աշխատանքային օրերը սկսվեն՝ շատ շուտով, կանդրադառնանք դրան, որպեսզի իրավաբանորեն համապատասխան լուծում տանք:

Պատկերի դեպքում, ցավոք, հեղինակային իրավունքը շատ հստակ չէ, որովհետև կախված է՝ ինչ պատկեր է: Եթե լուսանկար է, հեղինակային իրավունքը պատկանում է նաև տվյալ լուսանկարչին: Խնդիրը նաև այն է, որ հիմա շատ են շապիկների կամ կտորի վրա նման պատկերներ տպում, ինչը վերահսկելը շատ բարդ է:

Բոլոր այն դեպքերում, երբ դա ճաշակով է արված, խնդիր չկա, որովհետև, ի վերջո, նպաստում է Պարույր Սևակի հանրահռչակմանը: Բայց երբ դա արվում է ինչ-որ գուլպաների վրա, ես դա, անկեղծ ասած, չեմ հասկանում, չեմ ընկալում»: Ղազարյանն ասաց նաև, որ նման գուլպաներ ինքն էլ է տեսել, որտեղ պատկերված են նկարիչների կտավներ, բայց հարց է, թե որքանով է աշխատանքը կոռեկտ.

«Իհարկե, հասկանում եմ, որ հիմա ինչ-որ տարատեսակ նորաձև հոսանքներ են. զանազան գուլպաներ եմ տեսել, օրինակ՝ նաև նկարիչների կտավների գույներով: Գուցե, գույների դեպքում դա գեղեցիկ է երևում, թեև դա էլ է հարց՝ ինչքանով է կոռեկտ, ճիշտ, գեղեցիկ: Գեղեցկության ընկալումներն էլ շատ տարբեր են»:

Սևակ Ղազարյանի խոսքով՝ հեղինակային իրավունքների մասին օրենքը վերանայվելու, խմբագրվելու և մշակվելու կարիք ունի, որպեսզի նման դեպքերը կանխվեն.

«Գուցե, պիտի նաև որևէ պետական ինստիտուցիոնալ կառույց լինի, որը կկարգավորի նման հարցերը՝ ինչպես Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն է. բարոյականության և էթիկետի չափանիշներ պետք է լինեն: Պարզապես մի մարդը կամ ընտանիքի մի ժառանգը ֆիզիկապես չի կարող այդքանը վերահսկել: Կա նաև ֆինանսի հարց. այդ ամենի համար իրավաբաններին պիտի վճարես:

Չգիտես՝ դատարան կհասնե՞ս, թե՞ չէ, դա որքանո՞վ կարդարացնի քո ծախսերը. սա շատ բարդ խնդիր է:

Oragir.News-ը փորձեց պարզել՝ արդյոք եղե՞լ են դեպքեր, երբ կազմակերպությունը դիմել է լուսանկարների օգտագործման իրավունք ստանալու համար: «Շապիկների հետ կապված՝ չի եղել առիթ, որ կապվեն և թույլտվություն վերցնեն, բայց ընկերություններից մեկը «Պարույր Սևակ» կոնյակ է արտադրում, ինչի իրավունքը իրենք ստացել են. շատ նորմալ, բարեկիրթ ձևով դիմել են, բացատրել են: Նորից եմ ասում՝ ինչը ճաշակով է, մենք խնդիր չենք տեսնում: Մի ընկերություն կար, որ մի քանի տարի առաջ գինիների վրա թողարկել էր Սևակի և՛ տեսքը, և՛ տողերը՝ առանց թույլտվություն վերցնելու: Իրավաբանիս խնդրեցի, նա համապատասխան գրություն ուղարկեց: Դա վերացավ շատ արագ՝ առանց դատական գործընթացների»: Ամփոփելով զրույցը՝ գրականագետն ասաց, որ հարցը վիճահարույց է և պետք է հետևողական լինել ու թույլ չտալ նման դեպքերը:

«Եթե ես տեսնում եմ, որ պատկերն է օգտագործված, ոչ մի կերպ չեմ մեկնաբանում, քանի որ հարցը, ամեն դեպքում, վիճահարույց է, և դատարանում ոչ մի բան չես շահելու: Բայց տեքստերի դեպքում կարելի է հետամուտ լինել, մանավանդ՝ որ դա գուլպայի կամ ներքնազգեսի վրա կարող է հայտնվել կամ արդեն հայտնվել է: Մենք դրան պիտի հետևողական լինենք և թույլ չտանք»:

Հավելենք, որ քիչ առաջ անդրադարձել ենք այն կազմակերպություններից մեկին, որ զբաղվում է հայ մեծերի լուսանկարներով շապիկների տպագրությամբ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը