copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:59 26-10-2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարգևատրել է «Դելփյան խաղերի» հայաստանյան մեդալակիրների ուսուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հոկըեմբերի 26-ին հանդիպել է Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների երիտասարդական 16-րդ «Դելփյան խաղերի» հայաստանյան մասնակիցների հետ: Հանդիպման ընթացքում կայացել է նաև հաղթող մասնակիցների ուսուցիչների պարգևատրման արարողությունը: Պարգևները հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, նախարարի տեղակալը, ողջունելով ներկաներին, նշել է, որ օրը տոնական է, որովհետև հայ պատանիները միջազգային երաժշտական ասպարեզում, հեղինակավոր մրցույթում դարձյալ հաղթանակներ են գրանցել:

«Այս հաղթանակները կարևոր են բոլոր առումներով. մանկավարժների աշխատանքները գնահատելու, երաժշտական դպրոցը կարևորելու և այդ դպրոցը միջազգային հարթակներում ներկայացնելու, ինչպես նաև մեր պատանիների մասնագիտական փորձի ու զարգացման տեսակետից: Այսօր յուրաքանչյուր հաղթանակ հսկայական բարոյահոգեբանական նշանակություն ունի մշակույթի, սպորտի կամ այլ ոլորտներում: Մշակույթը, անկախ աշխարհաքաղաքական բեկումներից և ինչ-ինչ հանգամանքներից, անընդմեջ հաղթանակների և վերընթացության ոլորտ է, որտեղ բոլոր ժամանակներում մենք կարողացել ենք ասել մեր խոսքը»,- ընդգծել է Արա Խզմալյանը:

Ըստ աղբյուրի՝ նախարարի տեղակալն անդրադարձել է ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված բոլոր մասնակիցների ակտիվ ներգրավվածությանը խաղերին, որի արդյունքում հայաստանյան մասնակիցներն արժանացել են 1 ոսկե և 3 արծաթե մեդալների: Արա Խզմալյանը շնորհավորել է «Ազգային նվագարաններ» անվանակարգում (18-25 տարիքային խումբ) ոսկե մեդալի արժանացած Մարիամ Հովնանյանին, «Դաշնամուր» անվանակարգում (14-17 տարիքային խումբ) արծաթե մեդալի արժանացած Սվետլանա Հակոբյանին, «Ազգային նվագարաններ» անվանակարգում (14-17 տարիքային խումբ) արծաթե մեդալակիր Քրիստինե Ենգոյանին և «Ժողովրդական երգեցողություն» անվանակարգում (18-23 տարիքային խումբ) արծաթե մեդալի արժանացած Արսեն Հարությունյանին:

«Վստահ եմ, որ անելիքները շատ են. սա հանգրվան չէ, և դուք խորապես գիտակցում եք, որ յուրաքանչյուր հաղթանակ մեծ ճանապարհի սկիզբ է: Վստահաբար, դուք գիտակցում եք նաև աշխատասիրության նշանակությունը, քանի որ տաղանդն ու աշխատասիրությունը համարժեք երևույթներ են: Մաղթում եմ ձեզ ծով համբերություն, մասնագիտության մեջ կատարելության հասնելու նվիրում և բազում հաջողություններ միջազգային տարբեր հարթակներում ու բեմերում»,- մրցանակակիր պատանիներին դիմելով՝ մաղթել է Արա Խզմալյանը:

Նշվում է, որ, ի պատասխան, պատանի մեդալակիրները շնորհակալություն են հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը մրցույթին մասնակցելու աջակցության համար, ինչն էլ հնարավորություն է ընձեռել ներկայանալու նմանօրինակ կարևոր հարթակում: Պատանիների խոսքով՝ սա անգնահատելի առիթ էր փորձի փոխանակման, շփումների և կատարողական վարպետությունը բարձր հարթակներում հղկելու առումով:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ այնուհետև նախարարի տեղակալը երախտագիտության և շնորհակալական խոսքով դիմել է մեդալակիր պատանիների ուսուցիչներին. «Այս հաղթանակները նախևառաջ մեր մանկավարժներինն են: Ես ուզում եմ նախարարության անունից մեր երախտագիտությունը հայտնել ձեզ, մեր խոնարհումն ու շնորհակալությունը՝ ձեր տքնաջան աշխատանքի, նվիրումի, մասնագիտական իրազեկվածության և համբերության համար: Նախարարի անունից և հրամանով ձեզ եմ փոխանցում մեր շնորհակալագրերը»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների երիտասարդական 16-րդ «Դելփյան խաղերին» բարձր արդյունքի ապահովման, ինչպես նաև մշակութային կրթության ոլորտում ունեցած վաստակի համար՝ ՀՀ վաստակավոր մանկավարժ, Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի դաշնամուրի դասատու Կարինե Հարությունյանը, ՀՀ վաստակավոր մանկավարժ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանը, Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի դասախոս, պրոֆեսոր Մարգարիտ Շահինյանը, դաշնակահար, նվագակցող Արմեն Աղաջանյանը պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով:

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել նաև «Հայկական ազգային Դելփյան կոմիտեի» նախագահ Ալեքսան Զաքյանին, «Մշակութային աջակցության հիմնադրամի» ղեկավար Նելլի Սարգսյանին, ՀԱԴԿ խորհրդի նախագահ Մարինե Կպրյանին՝ անգնահատելի աշխատանքի և բարձր պրոֆեսիոնալիզմի համար:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը