Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:43 20-10-2022

Սահմանին ԱԱՀ-ով չհարկվող ապրանքների ցանկը ավելացվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 20-ի նիստում հավանություն տվեց «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց. «Ինչպես գիտեք Հայաստանի սահմանը հատելիս ապրանքների մի մասը հենց սահմանին հարկվում է ավելացված արչժեքի հարկով, եւ կան ապրանքներ, որոնք չեն հարկվում: Դրանք հիմնականում միջանկյալ սպառման ապրանքներին է վերաբերում, ոչ վերջնական: Մեր այս նախագծով լրացվում է սահմանին ԱԱՀ-ով չհարկվող ապրանքների ցանկը:

Ավելացվում են մի քանի կատեգորիաներ գյուղատնտեսության, տեքստիլ արդյունաբերության, քիմիական, մետալուրգիական և այլ ոլորտներում, որպեսզի թեթևացնենք այն ընկերությունների գործը, որոնք ներմուծելիս խնդիրներ և բարդություններ ունեն սահմանին լրացուցիչ ֆինանսական ծախսերի առնչությամբ. մշակող արդյունաբերության ընկերություններին թույլ ենք տալիս, որ սահմանին չվճարեն ԱԱՀ, այլ՝ ընթացքում, երբ ապրանքները կվաճառեն, կգոյանա ԱԱՀ, իրենք ընդհանուր ռեժիմով կվճարեն»:

Նախարարը նշեց, որ նախագծի ներքո դիտարկվող ապրանքային խմբերից 2021 թվականին ներմուծվել է ընդամենը 11 մլն դոլարի ապրանք. «Բայց մենք գիտենք, որ շատ ընկերություններ խուսափում են ներմուծել հումքը, որովհետև ԱԱՀ-ի առկայությունն իրենց աշխատանքը դարձնում է ոչ մրցունակ»,- նշեց նա:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Շատ երկար ժամանակ քննարկվում է սահմանին ԱԱՀ գանձելու նպատակահարմարությունը, և մենք կարծես թե կողմնորոշվել ենք, և փուլային ճանապարհով պետք է գնանք դրանից հրաժարվելու եղանակով: Հիմա, ըստ էության, այսպիսի որոշումով ոչ թե ազատում ենք ավելացված արժեքի հարկից, այլ խոսում ենք սահմանին հարկելու վերաբերյալ, և այդ առումով մեր քաղաքական մոտեցումը սա է, որ զգույշ, առանց շատ կտրուկ քայլերի փորձենք գնալ այս ճանապարհով, առանց վնասելու և հաշվարկելով այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ բյուջեի եկամուտների համար»:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ հիշեցրեց. «Հիմա ամսական կտրվածքով ԱԱՀ-ի գումարները վերադարձնում ենք, և տնտեսվարողներին այս մասով պարտք չունենք, ամեն ամիս զրոյական է լինում: Այսինքն ինչքան գործարք ունենում են ներմուծման ժամանակ, մենք հաջորդ ամիս, եթե ԱԱՀ գծով պարտավորություններ չունեն, դեբետը վերադարձնում ենք, և այս մասով բավական մեծ գոհունակություն կա»,- ասաց նա:

Փաշինյանն էլ հավելեց. «Շատ կարևոր է արձանագրել, որ մենք ընթացս լուծում ենք ինստիտուցիոնալ նշանակության շատ կարևոր հարցեր, որոնց գոյությունը նաև մոռացվում է: Հիմա ո՞վ է հիշում, որ Հայաստանում ԱԱՀ վերադարձի խնդիր է եղել, երբ մարդիկ իրենց հասանելիք գումարը տարիներով, ամիսներով չեն կարողացել ստանալ:

Մեր խնդիրն է հնարավոր բոլոր պրոբլեմներն այս եղանակով լուծել, որ դրանց գոյությունը մոռացվի: Բազմաթիվ հարցեր են լուծվել: Անվտանգային միջավայրի հետ կապված պրոբլեմների բերումով մոռանում ենք կամ հարկ էլ չենք համարում բարձրաձայնել դրանց մասին»:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել