copy image url
Ներքին 4 տարի առաջ - 09:41 28-05-2022

Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերից ստացած պետականությունը պիտի դարերով փոխանցենք մեր սերունդներին․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրվա առթիվ։ Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Սիրելի՛ ժողովուրդ,
շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առիթով:

Այսօր մենք տոնում ենք մեր պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ Առաջին Հանրապետության հիմնադրման օրը: Ինչո՞ւ է այս օրն այդքան կարևոր մեզ համար: Երեք պատճառով. առաջինը՝ որովհետև մենք ավելի քան 500 տարվա ընդմիջումից հետո ունեցանք պետականություն: Երկրորդ պատճառն այն է, որ առաջին անգամ ունեցանք Հանրապետություն, այսինքն՝ մի պետական կարգ, որտեղ իշխանությունը ձևավորվում է ժողովրդի կատարած ընտրության արդյունքում: Երրորդ պատճառն այն է, որ Հանրապետությունը, պետությունը, որը ցանկացած ժողովրդի կազմակերպման բարձրագույն ինստիտուտ է, մենք կարողացանք ստեղծել հուսահատության պահին, երբ հայոց ցեղասպանության մահաբեր անիվը շարունակվում էր պտտվել:

Հայաստանի Առաջին Հանրապետությունը հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո: Դա այն ժամանակահաշրջանն էր, երբ թվում էր՝ վերջ, այլևս հնարավոր չէ ոչ միայն ունենալ պետականություն, այլև պահպանել ինքնությունը, լեզուն և մշակույթը:

Սակայն մեր ժողովուրդը կարողացավ օրհասական պահին գործել որպես մեկ բռունցք՝ ուժերի համախմբմամբ, միասնականությամբ կերտել Առաջին Հանրապետությունը: Այդ գործում անուրանալի է Արամ Մանուկյանի, Թովմաս Նազարբեկյանի, Մովսես Սիլիկյանի, Դրոյի, Նժդեհի, Դանիել ու Պողոս Բեկ Փիրումյանների, եզդիական հեծյալ ջոկատի հրամանատար Ջհանգիր աղայի, զենքը ձեռքին կռվող հոգևորականների դերը:

Մեր այս մեծերի և հազարավոր ուրիշ հայրենակիցների ջանքերով ձեռքբերված սրբազան անկախությունն ընդամենը երկուսուկես տարի անց կորսվեց: Սրան նախորդեցին պատերազմը, տարածքային ու մարդկային ողբերգական կորուստներ: Սա տեղի ունեցավ այն պատճառով, որ երկու տարվա ընթացքում Հայաստանի Առաջին Հանրապետությունը չկարողացավ, չհասցրեց քաղաքական, միջազգային, տարածաշրջանային ինստիտուցիոնալ դիմակայություն ձեռք բերել, իր շուրջ խաղաղություն հաստատել:
Այսօր էլ մեր երկիրը կանգնած է նմանատիպ մարտահրավերների առաջ ու մեզ մտքի բացառիկ ճկունություն, երկաթյա կամք ու մանանեխի հատիկի չափ հավատ է հարկավոր այդ մարտահրավերները հաղթահարելու համար: Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը ժամանակ էլ չունեցան նորածին պետությունը գլոբալ մարտահրավերների առաջ դիմակայուն դարձնելու համար: Երրորդ Հանրապետությունում մենք ցավալիորեն շատ ժամանակ ենք վատնել: Բայց Սարդարապատի հերոսները, Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը մեզ ոգեշնչում են շարունակաբար: Ու պետությունն, անկախությունն, ինքնիշխանությունը մեր ազգային ինքնագիտակցության անբաժանելի մաս է այլևս: Պետությունը, պետականությունը պիտի մեր ամենօրյա աշխատանքի, գորովանքի, պատկառանքի առարկան դառնա, և խաղաղությունը պիտի դառնա այն միջավայրը, որի պայմաններում մենք Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերից ստացած պետականությունը պիտի դարերով փոխանցենք մեր սերունդներին:
Շնորհավոր մայիսի 28: Շնորհավոր Հայոց պետականության վերածննդի օրը»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը