copy image url
Ներքին 53 րոպե առաջ - 16:36 19-09-2026

Թանկ վճարում են ու դասերից ուշանում․ տրանսպորտային «կոլապսը»՝ ուսանողների աչքերով

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երևանում տրանսպորտային համակարգի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Քաղաքային իշխանությունների կողմից ներդրված սակագնային նոր քաղաքականությունը հանրության շրջանում առաջացրել է լուրջ դժգոհությունների ալիք։ Մինչ պաշտոնական գերատեսչությունները վստահեցնում են, որ սա քայլ է դեպի «եվրոպական մակարդակի» տրանսպորտ, ընդդիմադիր գործիչներն ու քաղաքացիները պնդում են հակառակը՝ տեղի ունեցողը բարեփոխում չէ, այլ քաղաքացու գրպանից փող տանելու օրինականացված ձև։

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը Oragir.News-ի հետ զրույցում հիշեցնում է, որ քաղաքային իշխանությունները՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավորությամբ, որոշումը կայացնելիս անտեսեցին հանրային ընդվզման ամենաուղղակի դրսևորումը․ ավելի քան 17 000 քաղաքացիներ ստորագրել էին թանկացումների դեմ, սակայն նախագիծն անցավ ուժայինների ուղեկցությամբ։

Մյուս կողմից, սոցիալական հարթակներում ակտիվորեն տարածվում են մեկնաբանություններ, թե համակարգը հրաշալի է աշխատում, իսկ ավտոբուսները դատարկ ու ազատ են։ Սակայն իրականությունը, որին երևանցիները բախվում են ամեն օր կանգառներում, բոլորովին այլ է։

«Թանկացումն ինքնին բարեփոխում չէ։ Բարեփոխումը այն է, երբ քաղաքացին վճարում է և դրա դիմաց ստանում է ավելի լավ ծառայություն։ Իսկ եթե հերթական անգամ գինը բարձրանում է, իսկ խնդիրները մնում են, ապա քաղաքացին իրավունք ունի հարցնելու՝ ոո՞ւր է բարեփոխումը, ինչի՞ համար է նա վճարում»,- նշում է Աղեկյանը։

Ամենախոցելի խմբերից մեկը հերթական անգամ դարձավ ուսանողությունը։ Չնայած նրան, որ երիտասարդները վճարում են սահմանված թանկ սակագնով, նրանք շարունակում են ուշանալ դասերից՝ տրանսպորտի անկանոն գրաֆիկի և գերբեռնվածության պատճառով։

«Ես ամեն օր տեսնում եմ մտահոգ ծնողների ու երեխաների։ Ուսանողները ժամանակին դուրս են գալիս տնից, թանկ վճարում են այդ չակերտավոր «բարեփոխված» համակարգի համար, բայց ստիպված են լինում տարբեր բուհերում դասախոսների առջև կարմրել ուշացումների պատճառով։ Քաղաքային իշխանությունը՝ ՔՊ-ն, իր անկազմակերպ կառավարման պատճառով չի կարողանում նորմալ տրանսպորտային համակարգ տրամադրել և մարդկանց անընդհատ անհարմար վիճակի մեջ է դնում», - ընդգծում է բանախոսը։

Ըստ օրակարգի ձևավորողների՝ խնդրի միակ լուծումը քաղաքացիական հասարակության իրական զարթոնքն է, ոչ թե այն «ձևական» կառույցները, որոնք տարիներ շարունակ սնվել են տարբեր դրամաշնորհներից և այսօր լռում են։

«Իրական քաղաքացիական հասարակության մեջ պետք է դուրս գալ փողոց և պաշտպանել իրավունքները, թույլ չտալ նման ձևով ղեկավարել։ Ուսանողությունը չպետք է լուռ բողոքի՝ տխուր դեմքի արտահայտությամբ ասելով՝ «դե բա ի՞նչ անենք»։ Այլ պետք է բոլորը միասին կանխեն սա և բարձրաձայնեն խնդիրը։ Այդ պահին ՔՊ-ն ստիպված է լինելու ունկնդիր լինել և ուշադրություն դարձնել սրան»,- համոզված է Սոնա Աղեկյանը։

Նրա խոսքով՝ քանի դեռ քաղաքացին համակերպվում է կրկնակի վճարելու և նույն որակի ծառայություն ստանալու մտքի հետ, իշխանությունը շարունակելու է բարեփոխման անվան տակ դատարկել երևանցիների գրպանները։ Գնդակը քաղաքացիների, հատկապես՝ երիտասարդության դաշտում է։