copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 10:34 19-09-2026

Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի հայտարարությունը Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի և բռնի տեղահանման երրորդ տարելիցի կապակցությամբ
«Երեք տարի առաջ այս օրը՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը, խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու 2020 թվականի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, լայնածավալ ռազմական ագրեսիա սանձազերծեց ավելի քան իննամսյա շրջափակման հետևանքով հյուծված Արցախի Հանրապետության դեմ:

Այդ ռազմական հանցագործությունը, որն ուղեկցվեց քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմամբ և խաղաղ բնակչության սպանություններով, դարձավ Արցախի հազարամյա բնիկ ժողովրդի դեմ նախապես ծրագրված էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության գագաթնակետը: Միջազգային հանրության լռության և գործուն մեխանիզմների բացակայության պայմաններում ավելի քան 120 հազար արցախցիներ ստիպված եղան լքել իրենց պատմական հայրենիքը՝ փրկվելու ֆիզիկական բնաջնջումից:

Այս ողբերգական օրը մեր խոնարհումն ենք բերում հանուն հայրենիքի պաշտպանության իրենց կյանքը զոհաբերած բոլոր նահատակների պայծառ հիշատակի առջև: Նրանց սխրանքն ու անձնազոհությունը մեր ժողովրդի պատվի և արժանապատվության հավերժական վկայությունն են:Անցած երեք տարիները չեն նսեմացրել և չեն կարող նսեմացնել մեր բնականոն իրավունքները և դրանք պաշտպանելու մեր հանձնառությունը։ Ուստի՝ Արցախի ժողովրդի անունից վերահաստատում եմ.

• Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքը հանդիսանում է անսակարկելի: Այն պետք է իրականացվի միջազգային հուսալի երաշխիքների և մեր ժողովրդի հիմնարար իրավունքների ու ազատությունների լիարժեք ապահովման պայմաններում:

• Բաքվի բանտերում շինծու մեղադրանքներով պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մեր մյուս բոլոր հայրենակիցների անհապաղ ազատ արձակումը պետք է լինի միջազգային հանրության առաջնահերթություններից:

• Բռնազավթված Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումն ու յուրացումը մշակութային ցեղասպանության շարունակությունն են, որը պահանջում է միջազգային հանրության անհապաղ միջամտությունն ու կանխումը։

• Հայաստանի Հանրապետությունում ապաստանած արցախահայության կենսական կարիքների բավարարումն առաջնահերթ հրամայական է։ Այս ուղղությամբ էական նշանակություն ունի միջազգային հանրության շարունակական ու նպատակային աջակցությունը՝ տեղահանված բնակչության սոցիալական կայունությունն ամրապնդելու և հումանիտար մարտահրավերները հաղթահարելու գործում:

Չնայած այսօր ստեղծված ծանր աշխարհաքաղաքական իրավիճակին և բռնի տեղահանման դառնությանը՝ արցախցիների համախմբվածությունը, ինքնության պահպանումն ու պայքարի շարունակականությունն այլընտրանք չունեն:

Մենք պարտավոր ենք համատեղել ողջ հայության ներուժը՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի լեգիտիմ իրավունքներն ու հասնելու պատմական արդարության վերականգնմանը:
Հավերժ փառք մեր նահատակներին:

Տոկունություն և կամք Արցախի ժողովրդին և համայն հայությանը»։

Ամենից շատ դիտված

17:45 Շատ արագ ցնդող նյութ է, մահացու չէ, դաշտերում լիքը քիմիկատ է, թող դրանից վախենան
22:18 Մահացել է Բրիջիտ Մակրոնի սեռը կասկածի տակ դրած լրագրողը
19:00 Գրատախտակի մոտ սառել է և ... ձեռք բերել 20 միլիոն դրամանոց զարդ
21:37 Ադրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակում
18:45 Նիկոլ Փաշինյանի խորհրդականի միլիոնավոր դոլարանոց գույքերը ապօրինի ծագում չունեն
18:39 Տուժելու են բոլորը. կոչ եմ անում լուրջ վերաբերվել ԿԲ-ի հայտարարությանը. Թաթուլ Մանասերյանի ահազանգը
16:40 Տավուշում ոստիկանության աշխատակիցը «ՎԱԶ 217230»-ով բախվել է ձիուն ու հայտնվել այգում. վարորդը տեղում մահացել է
20:13 Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություն կանցկացնեն բռնազավթված Արցախում
12:48 Խնդրում եմ՝ հետևեք ձեր իսկ օրենքներին․ Ռուբեն Վարդանյանը՝ Ադրբեջանի ՄԻՊ-ին
19:14 «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով գլխիվայր հայտնվել ձորում․ 6 օտարերկրացի տեղափոխվել է հիվանդանոց