Երկու հայ դպրոցականներ նվաճել են բրոնզե մեդալներ, ևս երեքը պատվոգրեր են ստացել Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում (IOAI 2026), որը կայացել է օգոստոսի սկզբին Աստանայում։ Գրում է Սպուտնիկ Արմենիան:
«Մի անգամ մաթեմատիկայի տնայիններս տվեցի արհեստական բանականությանը, որ գրի, և նա սխալվեց։ Այսինքն՝ այո, այն պետք է օգտագործել, այն կարող է թեթևացնել մեր աշխատանքը, բայց մեր փոխարեն սովորել չի կարող։ Իսկ սեփական գիտելիքներ չունենալով՝ չի կարելի ամբողջությամբ հենվել ոչ մի ալգորիթմի վրա»,-Երևանում դպրոցականների հետ հանդիպմանն ասաց մրցանակակիրներից մեկը՝ վանաձորցի դպրոցական Արամ Ամիրխանյանը։
Նա և օլիմպիադայի մասնակիցներից շատերը «Generation AI» («ԱԲ Սերունդ») ծրագրի մասնակիցներ են։ FAST (Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ) հիմնադրամի համաֆինանսավորմամբ մի քանի տասնյակ դպրոցներում դասավանդվում են արհեստական բանականության հիմունքները։ Ծրագրի համար ընտրված դպրոցների մեծ մասը մարզերում են (օլիմպիադայում հայկական թիմի մասնակիցների մեծ մասը նույնպես մարզերն էր ներկայացնում)։
«AI-ը մաթեմատիկա է, այդքան բան։ Ալգորիթմ է, որը մշակում է տեղեկատվությունը և տալիս է պատասխաններ, բայց այն կարող է հաշվի չառնել ինչ-որ կարևոր աղբյուրներ կամ հակառակը՝ սխալ աղբյուրներ օգտագործել ։ Ամենավատն այն է, որ մենք ինքներս չենք հասկանա՝ նա մեզ ճիշտ է պատասխանում, թե ոչ, եթե չսովորենք»,-ասում է էջմիածնեցի դպրոցական Դավիթ Ղազարյանը։
Այլ հարց է, նրա խոսքով, որ կարելի է ավելի արագ յուրացնել այն, ինչի վրա նախկինում տարիներ էին ծախսվում։ Օրինակ՝ ներկայում դպրոցականը, որը ցանկանում է ստեղծել, ասենք, բժշկական ռոբոտ, կարող է արհեստական բանականության օգնությամբ ավելի արագ իմանալ ռոբոտատեխնիկայի մասին։
«Այլ հարց է, որ պետք է և՛ ֆիզիկա, և՛ կենսաբանություն սովորես, որպեսզի հասկանաս, թե ինչ և ինչպես է անելու այդ ռոբոտը։ Դրա համար էլ ինքս հետաքրքրվում եմ տարբեր գիտություններով, այդ թվում՝ նեյրոկենսաբանությամբ»,-ասում է Դավիթը։
Մի քանի ամիս առաջ նա իր երկու ծանոթների հետ ստեղծել է «Adamart» ստարտափը (անվան մեջ, Դավթի խոսքով, արտացոլված են նախահայր Ադամի, ինչպես նաև ֆրանսիացի մաթեմատիկոս Ժակ Ադամարի անունները)։
Նրանց ստեղծածը AI-ագենտ է, որն իրական ժամանակում կարող է միաժամանակ պատասխանել մեծ թվով (մինչև 100) զանգի։
Առայժմ դպրոցականների ստեղծած մոդելը ձայներանգով չի ճանաչում հաճախորդների տրամադրությունն ու բավարարվածությունը։ Այդուհանդերձ, ինչպես նշեց Դավիթը, վերբալ տեղեկատվությունը (այսինքն՝ խոսակցությունը) համակարգը հասկանում է։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: