Երիտասարդականի SAS սուպերմարկետի հարակից տարածքում գործող գրքերի շուկայի հնարավոր քանդման վերաբերյալ տեղեկություններ են տարածվում։
Oragir.News-ը այցելել է տարածք և զրուցել ակտիվիստ Արայիկ Փահլևանյանի, գրավաճառների ու շուկայի տնօրենի հետ՝ պարզելու, թե ինչ է նախատեսվում տարածքում և ինչ ճակատագիր կարող է ունենալ գրքերի շուկան։
Փահլևանյանի խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը հանրային քննարկման է ներկայացրել կառուցապատողի նախագիծը, որով տարածքում նախատեսվում է հասարակական նշանակության շինություն կառուցել։
«Չի կարելի այս տարածքին կպնելը ոչ միայն գրքերի համար։ Ինքը համարվում է կոլորիտ, համարվում է Երևանի դեմքերից մեկը»,- ասաց նա։
Գրավաճառներից մեկը նշեց, որ շուկայի առանձնահատկությունն այն է, որ այստեղ հնարավոր է գտնել գրքեր, որոնք այլ խանութներում չկան։
«Այստեղ գրքեր կան, որ նույնիսկ շատ այլ վայրերում հնարավոր չէ գտնել։ Ուսանողները բազմիցս այստեղ են գալիս տարբեր գրքեր գտնելու համար»,- ասաց նա։
Շուկայի տնօրենի խոսքով՝ տարածքը գործում է շուրջ 15 տարի, իսկ այսօր այստեղ աշխատում է մոտ 10 մարդ, որոնցից 7-8-ը գրանցված աշխատակիցներ են։
«Մենք այստեղ օրինական աշխատում ենք, հարկերը, տուրքերը՝ ամբողջը տալիս ենք»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ գրքերի շուկան նաև հնարավորություն է տալիս պահպանել այն գրքերը, որոնցից մարդիկ հրաժարվում են։
«Մենք կատակով այս տարածքը անվանում ենք գրքերի փրկման կենտրոն, որովհետև մարդիկ տներից դուրս են հանում գրքերը, իսկ մենք դրանք պահպանում ենք, վաճառում կամ նվիրում»,- ասաց նա։
Տարածքի հնարավոր կառուցապատման և գրքերի շուկայի հետագա ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշման մասին
Oragir.News-ը լրացուցիչ տեղեկություններ է փորձել ստանալ։
Մանրամասները՝ տեսանյութում։