Վաղը՝ սեպտեմբերի 11-ին, Երևանի պետական համալսարանում տեղի է ունենալու ռեկտորի ընտրություն։ «Ընտրություն» բառն այս դեպքում զուտ ձևական է, քանի որ գործող ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը գնում է ընտրության միանձնյա՝ առանց մրցակցի։ Ավելի աղաղակող է այն ֆինանսական և ակադեմիական քաոսը, որն առկա է Մայր բուհում հենց Հովհաննիսյանի կառավարման տարիներին։
Դեռևս 2024 թվականին
Oragir.News լրատվականն իր
հետաքննության մեջ փաստեց մի իրողություն, որի համաձայն ԵՊՀ ռեկտորատը ուսանողների վճարած վարձավճարների հաշվին ձևավորված բյուջեից շռայլորեն՝ 9-ից մինչև 29 միլիոն դրամի ներքին դրամաշնորհներ է բաժանում առանձին պաշտոնյաների և դասախոսների։ Ինչպես պարզվել է՝ այդ միլիոնների ծախսն այդպես էլ որևէ արդյունք չի տվել. գումարները հատկացվել են, սակայն բուն թեմաներով հետազոտական աշխատանքներ չեն հրապարակվել՝ արդյունքը մնում է զրոյական:
ԵՊՀ պատմության ամենախոշոր ներքին ֆինանսավորումներից մեկը՝ շուրջ 29 մլն դրամ, հատկացվել է Սոցիոլոգիայի ֆակուլտետի գիտաշխատող Սոնա Բալասանյանին՝ «ՀՀ նախկին արդյունաբերական քաղաքների մորֆոլոգիան և քաղաքային տարածությունների մշակութային կառուցման տրամաբանությունը...» թեման հետազոտելու համար։ Այսպիսի աստղաբաշխական գումար ստացած գիտնականը պետք է հեղեղած լիներ համալսարանի արխիվները նոր տպագրված հատորներով ու մենագրություններով։
Սակայն, երբ բացում ենք Սոնա Բալասանյանի պաշտոնական էջը, տեսնում ենք ակադեմիական ամայություն։ Դրամաշնորհի ընթացքում նրա տպագրած ընդամենը մեկ հոդվածը վերաբերում է ճգնաժամային աշխարհում որակական հարցազրույցների էկզիստենցիալ մեթոդաբանությանը։ ՀՀ արդյունաբերական քաղաքների, դրանց մորֆոլոգիայի ու կայուն զարգացման մասին ոչ մի բառ չկա։ Նրա էջում քաղաքային տարածություններին վերաբերող միակ աշխատանքը տպագրվել է դեռևս 2015 թվականին՝ այս դրամաշնորհից 9 տարի առաջ։ Ո՞ւր է գնացել ուսանողների վարձավճարներից ձևավորված 29 միլիոն դրամը, անհայտ է։
Նույնպիսի պատկեր է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Ալեքսանյանի պարագայում։ Նրա «Արդի միջազգային հարաբերությունները Մերձավոր Արևելքի երկրներում» դասընթացների բարելավման ծրագիրը ստացել է ուղիղ 10 050 000 դրամ և պաշտոնապես ավարտվել 2025 թվականի փետրվարին։
Ալեքսանյանի պաշտոնական էջի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նա 2024-2026 թվականներին տպագրել է բազմաթիվ աշխատանքներ, բայց Չինաստանի և Նիգերիայի հարաբերությունների կամ Ուկրաինայի ու Ռուսաստանի պատժամիջոցների մասին։ Դասընթացների բարելավման, ուսումնական ձեռնարկների կամ Մերձավոր Արևելքի վերաբերյալ չկա ոչ մի տող։ 10 միլիոնը ծախսվել է, արդյունքը՝ զրո։
Մյուս աղաղակող օրինակը վերաբերում է «Արցախից բռնի տեղահանված ուսանողների ադապտացման տնտեսական և հոգեբանական բաղադրիչները» 10 միլիոնանոց դրամաշնորհին, որի ղեկավարն է հոգեբան Աննա Ռուբիկի Հակոբջանյանը։
Նրա միջազգային հոդվածները (2024-2025թթ․) վերաբերում են էմոցիոնալ կոնֆորմիզմին 28 երկրներում, իսկ Նիդերլանդներում կայացած EHPS 2025 գիտաժողովին նրա ներկայացրած թեզը նվիրված է սոցիոմշակութային ազդեցություններին այլընտրանքային բժշկության մեջ (Sociocultural influences on alternative medicine engagement)։
Արցախի ուսանողների ծանրագույն խնդիրների ուսումնասիրության համար դուրս գրված 10 միլիոն դրամի դիմաց տվյալ ծրագրով առկա է զրո հրապարակում։ Փոխարենը, Արցախի թեմայով հոդված («Գիտական Արցախ», 2024թ.) իրականում տպագրել է բոլորովին այլ անձ՝ Տնտեսագիտության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Աննա Հովիկի Հակոբջանյանը։
Oragir.News-ն իր հրապարակումներից մեկում
անդրադարձել էր նաև միլիոնների մյուս շահառու Յուլիա Անտոնյանին՝ գրելով, որ ԵՊՀ-ում խոշոր դրամաշնորհներ են հոսում դեպի այնպիսի անձինք, ովքեր աչքի են ընկնում ոչ թե գիտական նվաճումներով, այլ գործող քաղաքական իշխանություններին հարելով և սեփական ժողովրդին նախատելով ու «անիծելով»։
Ինչպես փաստում է
Oragir.News-ի 2025 թվականի փետրվարի 26-ի
հետաքննությունը, այս աղաղակող փաստերի վերաբերյալ բուհի ղեկավարության որդեգրած միակ մարտավարությունը լրագրողներից փախչելն է։ Երբ լրատվամիջոցը փորձել է ուղղակի պարզաբանումներ և հստակ հաշվետվություններ ստանալ ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արսեն Բաբաջանյանից, վերջինս, լսելով հարցը, թե ինչպես է վերահսկվել Աշոտ Ալեքսանյանի կամ Սոնա Բալասանյանի միլիոնանոց ծրագրերի արդյունավետությունը, ուղղակի անջատել է հեռախոսը և այլևս չի պատասխանել զանգերին։
ԵՊՀ ներքին դրամաշնորհների շրջանակում ֆինանսավորում է ստացել նաև Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։ Չնայած նրա պաշտոնական անձնական էջում առկա են նախկին տարիների այլ աշխատանքներ, տվյալ կոնկրետ ներքին դրամաշնորհի գծով արդյունքների և հաշվետվությունների հանրային հասանելիությունը նույնպես մնում է անտեսանելի։
Ահա այսպիսի անթափանց, լրագրողներից թաքնվող և հանրության առաջ հաշվետվությունից փախչող թիմով է Հովհաննես Հովհաննիսյանը վաղը վերընտրվելու ԵՊՀ ռեկտորի պաշտոնում։ Եթե բուհի ղեկավար կազմը վախենում է պատասխանել, թե ուր են գնացել ուսանողների վարձավճարներից գոյացած տասնյակ միլիոնները, ապա վաղվա միանձնյա, առանց մրցակցի «ընտրություններից» հետո այս արատավոր, անվերահսկելի շղթան է՛լ ավելի է ամրապնդվելու, իսկ Մայր բուհի բյուջեն շարունակելու է ծառայել որպես արտոնյալների հավելավճարների տնօրինման աղբյուր։