Բաքվում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին առաջարկել է իրեն և Ադրբեջանում պահվող մյուս հայերի հարազատներին ընդգրկել Բաքու հնարավոր պատվիրակության կազմում։
Այս մասին Զոնաբենդը նշել է սեպտեմբերի 8-ին Ալեն Սիմոնյանին ուղղված դիմումում։
Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով
Oragir.News-ը կապ հաստատեց ՀՀ Անվտանգության խորհրդի մամուլի խոսնակի հետ, հասկանալու համար, թե ի՞նչ որոշման է հանգել Սիմոնյանը, ընդունելու՞ է Վարդանյանի կնոջ առաջարկը, թե՞ ոչ: Վերջինս խուսափեց հստակ պատասխանելուց և միայն հայտնեց, որ Ալեն Սիմոնյանը հարցին անձամբ կարձագանքի, երբ առաջիկայում հնարավորություն ունենա շփվելու լրագրողների հետ։
«2 օր սպասենք, երբ հնարավոր լինի լրագրողների հետ շփվել, նա կարձագանքի։ Սիմոնյանը անձամբ կպատասխանի»,- ասաց Անվտանգության խորհրդի մամուլի խոսնակը։
Այսպիսով, այս պահին Զոնաբենդի առաջարկի վերաբերյալ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնական դիրքորոշումը դեռևս հայտնի չէ։ Հարցի շուրջ պարզաբանումները սպասվում են Ալեն Սիմոնյանի առաջիկա ճեպազրույցի ընթացքում։