Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը երեքշաբթի գիշերը կրկին ենթարկվել է ռուսական ուժերի հարձակման՝ բալիստիկ հրթիռներով և ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով։ Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել։
Ինչպես հայտնում է Meduza-ն, քաղաքի առնվազն հինգ շրջաններում արձանագրվել են ավերածություններ և հրդեհներ։ Գոլոսիևսկի շրջանում հարված է հասցվել 26-հարկանի ոչ բնակելի շենքին։ Հարվածի հետևանքով շենքը կառուցվածքային վնասներ է ստացել, սակայն հրդեհ չի բռնկվել։
Սոլոմյանսկի շրջանում հինգհարկանի բնակելի շենքում մարդիկ արգելափակվել են։ Փրկարարները տարհանել են 10 մարդու, իսկ մեկ տուժած հոսպիտալացվել է։ Պոդոլսկի շրջանում հրդեհ է բռնկվել պահեստային շենքում, ինչպես նաև ավտոտնակներում և մեքենաներում։
Դարնիցկի շրջանում հրդեհվել է մասնավոր տան տարածքում գտնվող ավտոտնակը, իսկ Դնեպրովսկի շրջանում հրդեհներ են բռնկվել ավտոտնակներում։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ հարձակման ընթացքում Կիևի ուղղությամբ արձակվել են բալիստիկ հրթիռներ և կիրառվել են անօդաչու թռչող սարքեր։
Հարձակումը տեղի է ունեցել Կիևի վրա հարվածների եռօրյա դադարից հետո։ Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ Ռուսաստանը երեք օրով՝ մինչև երկուշաբթի օրվա ավարտը, կդադարեցնի հարվածները Կիևի ուղղությամբ՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների այցերի կապակցությամբ։
Ուիթքոֆը և Քուշները շաբաթ օրը Կրեմլում հանդիպել էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, իսկ կիրակի օրը՝ Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել Կիևի վրա իրականացված նոր հարձակումը։