Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 57 րոպե առաջ - 12:02 24-08-2026

Հայաստանը հաստատակամորեն աջակցում է արդար և տևական խաղաղության հաստատմանը Ուկրաինայում. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին տեղեկանում են Կառավարության էջից:
Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ուկրաինայի բարեկամ ժողովրդին Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով:

Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է ընդհանուր արժեքների, պատմական առնչությունների և բարեկամության վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացումն ու ընդլայնումը։

Բարձր եմ գնահատում Երևանում Ձեր մասնակցությունը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որը հիրավի նոր շունչ հաղորդեց մեր երկկողմ հարաբերություններին: Համոզված եմ, որ մեր հանդիպման ընթացքում տեղի ունեցած անկեղծ քննարկումը և դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը կնպաստեն մեր երկու երկրների միջև փոխվստահության ամրապնդմանը, տնտեսական և հումանիտար կապերի ընդլայնմանը, ինչպես նաև երկկողմ գործընկերության ամբողջ ներուժի լիարժեք իրացմանը՝ ի բարօրություն երկու ժողովուրդների:

Հայաստանը հաստատակամորեն աջակցում է արդար և տևական խաղաղության հաստատմանը Ուկրաինայում և պատրաստակամ է շարունակել ցուցաբերել մարդասիրական աջակցություն Ուկրաինայի ժողովրդին:
Մաղթում եմ Ձեզ հաջողություն, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և տոկունություն»:

Ձեզ գուցե հետաքրքրի