ՌԴ-ում ոստիկանությունը և հատուկ նշանակության ուժերը լայնածավալ գործողություն են իրականացրել Վիբորգ քաղաքի մոտակայքում գտնվող անտառում անցկացվող ոչ պաշտոնական երաժշտական փառատոնի մասնակիցների նկատմամբ։Այս մասին շաբաթ օրը՝ օգոստոսի 22-ի երեկոյան հայտնել են ռուսական լրատվականները, ինչպես նաև տեղական «Դելովոյ Պետերբուրգ» հրատարակությունը և «78» հեռուստաալիքը:
Նրանց տվյալներով՝ ձերբակալվել է մոտ 100 մարդ։ ՏԱՍՍ-ի ոստիկանական աղբյուրը փառատոնը բնութագրել է որպես «ձախակողմյան արմատական»։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այն անցկացվել է Ֆինլանդիայի հետ սահմանի մոտ, և հատուկ նշանակության ուժերն ու անվտանգության ուժերը ամբողջությամբ շրջափակել են անտառապատ տարածքը։
Պետական մարմինները, հղում անելով անվտանգության ուժերին, հաղորդում են, որ փառատոնի մասնակիցներին բերման ենթարկելը պայմանավորված է եղել «Ուկրաինային աջակցող երգերով», «Ռուսաստանում ռեժիմի փոփոխության կոչերով» և «թմրանյութերի զանգվածային օգտագործմամբ»: Հաղորդագրություններում նշվում է, որ ժամանակավոր բեմի մոտ կախված են եղել ուկրաինական խորհրդանիշներով պաստառներ: Նկարահանումների համար օգտագործված քվադրոկոպտերները բռնագրավվել են մասնակիցներից: Քրեական հետաքննություն է ընթանում:
Ըստ պետական մարմինների՝ փառատոնը պարբերաբար անցկացվում է 2023 թվականից ի վեր: Հրապարակումների համաձայն՝ կազմակերպիչները ավանդաբար գաղտնի են պահում անցկացման վայրը՝ այն բացահայտելով միայն ընտրված մասնակիցներին՝ միջոցառումից մոտավորապես 24 ժամ առաջ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ միջոցառումը նախկինում ոչ պաշտոնապես հայտնի էր որպես «Անառողջ ապրելակերպ» (UHL):
Դեպքի վայրից կադրերում երևում է, թե ինչպես են ոստիկանները փառատոնի մասնակիցներին, հիմնականում երիտասարդներին, պառկեցնում դեմքով գետնին՝ ձեռքերը գլխների ետևում։ Ոմանց ստիպում են տեսախցիկի առաջ խոստովանել, որ թմրանյութեր են օգտագործել։