Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 46 րոպե առաջ - 19:05 18-08-2026

Պատերազմից հետո Իրանը սկզբունքորեն այլ արտաքին քաղաքականություն է վարելու․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի՝ որպես թույլ երկրի մասին պատկերացումն ամբողջությամբ փարատվել է, իսկ Թեհրանի արտաքին քաղաքականությունը պատերազմից հետո սկզբունքորեն տարբերվելու է հակամարտությանը նախորդած ժամանակաշրջանից, հաղորդում է Tasnim-ը։

Իրանի կառավարության կայքին տված հարցազրույցում Արաղչին նշել է, որ ամերիկա-իսրայելական պատերազմը ցույց է տվել Իրանի կայունությունը և փոխել միջազգային ասպարեզում երկրի ընկալումը։

Նրա խոսքով՝ պատերազմի սկզբում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանից պահանջում էր «անվերապահ կապիտուլյացիա»։ Արաղչին հայտարարել է, որ Իրանի հակառակորդները հետագայում փորձել են իրականացնել տարբեր սցենարներ, այդ թվում՝ իշխանափոխություն, երկրի մասնատում և ներքին անկարգությունների հրահրում, սակայն չեն կարողացել հասնել իրենց նպատակներին կամ արագ ավարտել հակամարտությունը։

Իրանի ԱԳ նախարարության ղեկավարը նաև պատմել է պատերազմի ընթացքում Թեհրանի դիվանագիտական ջանքերի մասին։ Նրա խոսքով՝ նա նախազգուշացրել էր արտասահմանցի գործընկերներին, որ Իրանը հարվածներ կհասցնի տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական բազաներին, եթե դրանք գտնվեն հակամարտությանը մասնակցող երկրների տարածքում։