Մալիշկայում բնակիչներին գիշերային ժամերին անհանգստացնող դիմակավորված անձը դեռևս չի հայտնաբերվել։ Այս մասին ՆԳՆ ասուլիսի ժամանակ` պատասխանելով
Oragir.News-ի հարցին, ասաց ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը։
Նրա խոսքով՝ դեպքի բացահայտման ուղղությամբ ոստիկանության ստորաբաժանումները ներգրավված են աշխատանքներում։
«Դեռևս չի հայտնաբերվել»,- հայտարարեց Ցուցուլյանը՝ նշելով, որ անձի հայտնաբերման դեպքում հանրությանը կտեղեկացվի։
Հարցին, թե ինչու է մեկ անձի հայտնաբերումը այսքան երկար տևում, երբ ավելի բարդ հանցագործություններ երբեմն ավելի արագ են բացահայտվում, Ցուցուլյանը պատասխանեց, որ կան դեպքեր, որոնց բացահայտումը կարող է երկար ժամանակ պահանջել։
«Գիտե՞ք ինչ, դեպքեր են լինում, որ երկար են տևում»,-ասաց նա՝ չմանրամասնելով, թե կոնկրետ Մալիշկայի դեպքի դեպքում ինչ հանգամանքներ են խոչընդոտում անձի հայտնաբերմանը։