copy image url
Ներքին 47 րոպե առաջ - 23:40 15-08-2026

Կոլումբիան հաշվում է XXI դարի ամենահզոր երկրաշարժից հետո հասցված վնասը. զոհերի թիվն աճել է

Կոլումբիայում 7,4 մագնիտուդով հզոր երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 294-ի, ևս 3 935 մարդ վնասվածքներ է ստացել, հայտնել է Կոլումբիայի աղետների ռիսկերի կառավարման ազգային ծառայությունը (UNGRD)։

Օգոստոսի 15-ի առավոտյան ժամը 6:30-ի տվյալներով՝ երկրաշարժի հետևանքներն արձանագրվել են 15 դեպարտամենտում և 448 մունիցիպալիտետում։ Տուժել է 54 008 ընտանիք կամ 115 461 մարդ։ Եվս 320 մարդ համարվում է անհետ կորած, 353 մարդու հաջողվել է փրկել։

Ամենից շատ տուժել է ենթակառուցվածքը։ Ավերվել է 14 493 բնակելի տուն, ևս 81 506-ը վնասվել է։ Լիովին փլուզվել է 66 շենք։

Վնասներ են արձանագրվել նաև 241 բժշկական հաստատությունում, 2 612 կրթական և 3 621 հասարակական կենտրոնում։ Երկրաշարժը վնասել է 298 ճանապարհ, 59 ջրամատակարարման համակարգ, 44 ավտոմոբիլային և հինգ հետիոտնային կամուրջ, ինչպես նաև հինգ օդանավակայան։

Տուժել են նաև կենդանիները․ փրկվել է 188 կենդանի, ևս 578-ը վնասվել է կամ տուժել տարերքի հետևանքներից։

Երկրաշարժը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին Չոկո դեպարտամենտի Սան-Խոսե-դել-Պալմար շրջանում։ Կոլումբիայի երկրաբանական ծառայության տվյալներով՝ այն դարձել է երկրում XXI դարի ամենահզոր երկրաշարժը։

Փրկարարական և վերականգնողական աշխատանքները շարունակվում են, UNGRD-ն համակարգում է օգնության տրամադրումը տուժած շրջաններին։

Ամենից շատ դիտված