Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանից ընդդեմ Ադրբեջանի ներկայացված գանգատներից մինչ օրս 9-ն է բավարարել։ Վճիռներից 8-ը ուժի մեջ են մտել, սակայն Ադրբեջանը դրանցից ոչ մեկի պահանջը չի կատարել։ Այս մասին գրում է
Հետքը։
««Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով 2015թ. հունիսի 16-ին կայացված վճիռը չի կատարվել, գործն ուժեղացված վերահսկողության ներքո է։ Չնայած վճռից երկար տարիներ են անցել, սակայն անհատական և ընդհանուր միջոցառումները դեռևս ամբողջությամբ չեն իրականացվել։ Չեն լուծվել գույքի կորստի համար արդյունավետ փոխհատուցման և դիմումատուի նախկին տան և գույքի նկատմամբ հասանելիություն ապահովելու հարցերը։
«Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճիռը կայացվել է 2020թ. մայիսի 26-ին։ Ադրբեջանի իշխանությունները ճանաչել էին դիմումատուների իրավունքների խախտումը և հավաստիացրել էին, որ կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նմանատիպ խախտումների կրկնությունը կանխելու համար։ Այնուամենայնիվ, որևէ գործողություն այս առնչությամբ չի կատարվել։
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն (ՆԿ) 2025թ․-ի հունիսին կայացած 1531-րդ նիստում այս գործի քննարկման ժամանակ անհատական միջոցառումների վերաբերյալ միջանկյալ բանաձև է ընդունել։ ՆԿ-ն հայտնել է, որ չնայած Կոմիտեի բազմակի կոչերին, վճիռն ուժի մեջ մտնելուց չորս տարի անց Ադրբեջանի իշխանությունները դեռևս որևէ տեղեկատվություն չեն ներկայացրել, որը կվկայեր պահանջվող անհատական միջոցառումների ուղղությամբ շոշափելի առաջընթացի մասին։