Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 51 րոպե առաջ - 18:00 14-08-2026

Ընդդիմությունը կաշկանդված է. ինչու է ՔՊ-ն վրդովվում «սրիկայաբար» բառից

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Քաղաքականությամբ զբաղվելը մի բան է, քաղաքականություն խաղալը՝ լրիվ այլ։ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը տևական ժամակ քննում էր Էդգար Ղազարյանի հարցը։ Այս քննությունն ինքնին հիմք է կասկածելու, որ «Ուժեղ Հայաստանում» քաղաքականության, կուսակցության մասին սիրողական պատկերացումներ ունեն։

«Ամեն դեպքում, կան բարեկրթության ընդհանուր նորմեր, որոնք մենք փորձում ենք պահել։ Երբեմն իրավիճակը կառավարումից դուրս է գալիս, և մենք պետք է կարողանանք այնպես անել, որ գա կառավարելի դաշտ»,- կատարվածի մասին լրագրողներին իր կարծիքը փոխանցեց Նարեկ Կարապետյանը՝ հավելելով, որ Էդգար Ղազարյանի որակումը բարեկրթության նորմերի ընդհանուր ձևաչափի մեջ խնդրահարույց էր։ ԱԺ նիստը նախագահող Հայկ Կոնջորյանի որակումների մասին հարցին էլ պատասխանեց․ «Ամեն դեպքում, էմոցիոնալ պոռթկում է եղել»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Էդգար Ղազարյանը քննադատել էր Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, որի արդյունքում պետությունն ու ժողովուրդը մեծ կորուստներ են ունեցել։ Ղազարյանը խոսել էր իր քեռու թոռան՝ Աղաջան Ջանոյանի մասին, ով զոհվել է պատերազմում։ «Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը դառնար իր երազանքի ռազմական բժիշկը և փրկեր մեր զինվորների կյանքը, իսկ դուք սրիկայաբար փորձում եք շահարկել դա այստեղ»,- ասել էր նա։ Նիստը վարող Հայկ Կոնջորյանը նախազգուշացում էր հայտարարել Ղազարյանին, ապա հոխորտացել. «Եթե դուք չինքնաէվակուացվեք այս դահլիճից, ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու այս դահլիճից և Ազգային ժողովի շենքից»։

ՔՊ-ականներն ինտենսիվ պահանջում են, որ Էդգար Ղազարյանը ներողություն խնդրի։ Լիարժեք պարզ չէ, թե ինչն է նրանց նյարդայնացրել՝ «սրիկայաբար» բա՞ռը, թե՞ Փաշինյանի և ՔՊ-ականների աղետալի սխալների մասին հիշատակումները։ Պարզ չէ նաև, թե ինչո՞ւ են «Ուժեղ Հայաստանում» այս թեմայով քննարկում անում։

ՔՊ-ական իշխանության աղետալի սխալների մասին գիտեն բոլորը։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գիտի, թե ինչ ծավալի կորուստներ է կրել ժողովուրդը, և ինչ տարածքներ են ներկայումս գտնվում Ադրբեջանի վերահսկողության տակ և այլն։ Փաշինյանն ինքն էլ երբեմն-երբեմն հանդես է գալիս խոստովանություններով։ Ամենացնցող խոստովանությունը հնչել է 2025 թվականի հունիսի 19-ին, երբ նա հայտարարեց, թե 2018-2022 թվականներին ֆորպոստի վարչապետ է եղել։ Ֆորպոստի վարչապետ համարվելուց հետո սրիկա որակվելը շատ չնչին բան է, ինչը կարելի էր չնկատել։ Ֆորպոստի վարչապետ ունենալն ամենավիրավորական, ամենավրդովվեցնող բանն է քաղաքացու համար։ Այդ մարսել են, «սրիկայաբար» բառից վիրավորվո՞ւմ են։

Կորուստներ ունեցած մարդկանց մեծ մասը մխիթարանք չի գտնում։ Եվ շատերն են նյարդայնանում, երբ Փաշինյանը կամ ՔՊ-ականները փառաբանում են նահատակներին, քանի որ գլխավոր պատասխանատու են համարում նրանց։ Հատկապես վրդովվեցնող է, երբ իրենց խոսքում վերացարկում են, շահարկում, իրականությունից կտրված բաներ ասում։ Եվ այս վրդովմունքի մեջ ոմանք նրանց վատ բառերով են որակում, որոնց շարքում «սրիկան» համեմատաբար մեղմ բառ է։

Հարկ է հիշեցնել նաև, որ «Ուժեղ Հայաստանի» քարոզարշավի ժամանակ Նարեկ Կարապետյանը և մյուսները ոչ պակաս խիստ էին քննադատում ու վատաբանում ՔՊ-ին ու Նիկոլ Փաշինյանին։ Ենթադրելի է, որ ընտրողների մի մասը նրանց ընտրել է հենց այդ վատաբանության ազդեցությամբ։ Այսինքն՝ «Ուժեղ Հայաստանը» ՔՊ-ին ու Փաշինյանին վատ բառեր ասելու շնորհիվ է հայտնվել ԱԺ-ում։ Այս առումով՝ ինչո՞ւ են հիմա նրանք քննարկում Էդգար Ղազարյանի վարքը, որն ասում է այն, ինչ իրենք էին ասում ընտրարշավի ընթացքում։

Ի վերջո՝ թիմն ամուր է, երբ թիմակիցները միմյանց պաշտպանում են բոլոր դեպքերում։ Էդգար Ղազարյանը օրենք, բարոյական նորմ չի խախտել, չի հայհոյել։ Հետևաբար՝ նրա հարցը քննարկելու հարկ չկար։ Նորմալ կլիներ, եթե Նարեկ Կարապետյանն ասեր, որ ընդհանուր առմամբ կիսում է իր թիմակցի խոսքը։ Իսկ այս քննարկման արդյունքում «Ուժեղ Հայաստանը» վարկանիշային տոկոս կկորցնի։ Ընտրողները, հավանաբար, թուլություն կհամարեն, որ «Ուժեղ Հայաստանը» ՔՊ-ի պահանջով քննարկում է իր թիմակցի հարցը, որը ՔՊ-ականներին ուղղված խոսքում կիրառել է «սրիկայաբար» բառը։

Կարճ ասած՝ Էդգար Ղազարյանը նոր բան չի ասել։ Եթե նա ներողություն խնդրի, ապա վաղը իշխանությունները ներողություն կպահանջեն բոլորից, ովքեր ՔՊ-ի և Փաշինյանի մասին վատ կարծիք կհայտնեն։ Եթե նա մանդատը վայր դնի, ինչպես պահանջում են ոմանք, ապա կարող ենք ասել, որ ԱԺ-ում ընդդիմությունը կաշկանդված է ՔՊ-ի հետ պայմանավորվածություններով։ Իսկ սա նշանակում է, որ ընդդիմությունը ձևական բնույթ է կրում, քաղաքական հավակնություններ չունի, դերի մեջ է, այս ամենը խաղ է, և քաղաքականություն չկա։

Ամենից շատ դիտված

21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
19:10 ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում
21:15 Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել` Միքայել Սրբազանի գործով