copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 19:48 06-08-2026

Թուրքիան և ևս 7 երկիր դատապարտել են Գազայում Իսրայելի գործողությունները

Թուրքիայի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Պակիստանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին գործերի նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ամենախիստ կերպով դատապարտելով Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները։

Նախարարներն ընդգծել են, որ թիրախավորվում են առողջապահական հաստատություններն ու քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչպես նաև շարունակվում են քաղաքացիական բնակչության, հատկապես կանանց և երեխաների շրջանում զոհերը։

Ըստ հայտարարության՝ Իսրայելի կողմից իրականացվող խախտումները սպառնում են քաղաքական գործընթացին և խորացնում հումանիտար իրավիճակը։ Նախարարները շեշտել են, որ քաղաքացիների և բժշկական անձնակազմի պաշտպանությունը իրավական պարտավորություն է, որը չի կարող սակարկվել կամ թուլացվել որևէ պայմանով։

Կողմերը կտրականապես մերժել են պաղեստինյան տարածքների բռնակցման կամ պաղեստինցիների բռնի տեղահանման ցանկացած փորձ՝ վերահաստատելով, որ խաղաղության միակ ուղին 1967թ․ սահմաններով և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ Պաղեստին պետության ստեղծումն է։

Ermenihaber