Տարեց մոր հրատապ վիրահատության համար պետպատվեր ստացած քաղաքացին բախվել է անտարբերության և խոչընդոտների: «Միքայելյան» հիվանդանոցը պաշտոնապես մերժում է անվճար փակ (էնդոսկոպիկ) վիրահատությունը՝ պատճառաբանելով, թե բժիշկը երկարաժամկետ արձակուրդում է:
Փոխարենն առաջարկում են բաց վիրահատություն: Սակայն նույն հիվանդանոցից պացիենտի դստերը հայտնել են, որ վճարովի հիմունքներով նույն վիրահատությունը պատրաստ են անել թեկուզ և վաղը. դա խնդիր չէ:
«Մեզ հոկտեմբերին, երբ հետազոտեցին, ասեցին՝ շատ հրատապ պետք է վիրահատվի: Մենք ասացինք՝ կարո՞ղ է մի երկու ամիս անցնի, ասեցին՝ ոչ, շատ շտապ է, շատ հրատապ է։ Հետո պարզվեց, որ խողակ ուներ վիրահատելու, և մինչև դա չվիրահատեին, հնարավոր չէր լինի մյուսին անցնել։ Էդ խողակը վիրահատեցինք, վիրաբույժն ասեց՝ 5 ամիս բացարձակ իրավունք չունեք հաջորդ վիրահատությունը անելու: Մենք սպասեցինք, էդ 5 ամիսն անցավ։ Հիմա էլ ասում են՝ վիրահատող բժիշկը երկարաժամկետ արձակուրդում է, պետք է սպասել, ու չեն ասում՝ որքան սպասենք»,-
Oragir.News-ի հետ զրույցում պատմում է հիվանդի դուստրը։
Հիշեցնենք, որ այս խնդրին
Oragir.News-ն
անդրադարձել էր մոտավորապես մեկ ամիս առաջ։
Նշել էինք, որ, ըստ քաղաքացու պնդման, բուժհաստատությունում հրաժարվել էին տրամադրել այդ հիվանդության բժշկական ցուցումը՝ պատճառաբանելով, թե պետությունն այլևս չի փոխհատուցում տվյալ վիրահատության ծախսերը, քանի որ այն համարվում է թանկարժեք ծառայություն։ Պացիենտի դուստրը նշում է՝ իրենց համար միևնույն է, թե որ բժշկական կենտրոնում կիրականացվի վիրահատությունը, միայն թե գործընթացը չուշացնեն։
«Մեզ համար էական չէ, թե որ բժիշկը կանի, կարևորը՝ վիրահատությունն անեն հատուկ սարքերով (էնդոսկոպիկ), որ մայրիկը մաքսիմալ թեթև տանի: Բաց վիրահատությունը պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ծանր կլինի նրա համար... իսկ իրենք այսօր մեզ ասում են՝ կարող եք հենց վաղն էլ գալ, վճարովի վիրահատել, խնդիր չկա: Այսինքն՝ իրենց խնդիրը անվճարի հետ է: Երևի նախարարությունը փողը չի փոխհատուցում, իրենք էլ ասում են՝ չենք անելու»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը։
Այս պատմության մեջ մի շարք հարցեր են առաջանում։ Օրինակ՝ ինչպե՞ս է ստացվում, որ հիվանդանոցը պետպատվերով հիվանդին մերժում է՝ պատճառաբանելով բժշկի արձակուրդում լինելը, սակայն առաջարկում է նույն վիրահատությունը կատարել հենց հաջորդ օրը՝ վճարովի հիմունքներով։ Կամ՝ հաշվի առնելով, որ դեռ հոկտեմբերին ախտորոշվել է հրատապ վիրահատության անհրաժեշտություն, և բժշկական ցուցումով պահանջված 5-ամսյա սպասման ժամկետն արդեն լրացել է, ո՞վ է կրելու պատասխանատվություն մոր առողջության վատթարացման համար, եթե առաջացած քաշքշուկների պատճառով վիրահատությունը էլի ձգձգվի։
Մեզ դիմած քաղաքացին տեղեկացնում է նաև, որ տեղամասային պոլիկլինիկան ևս լրացուցիչ խնդիրներ է ստեղծում՝ հրաժարվելով նախորդ հետազոտությունների հիման վրա ուղեգիր տրամադրել։ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի հանրային կապերի բաժնից ևս փորձեցինք պարզաբանում ստանալ։
Մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ հիվանդանոցը բուժառուին չի մերժել վիրահատական բուժօգնություն տրամադրել։
«Բուժառուին ներկայացվել են տվյալ պահին հասանելի բուժման հնարավոր տարբերակները, այդ թվում՝ բաց վիրահատության տարբերակը։ Ինչ վերաբերում է էնդոսկոպիկ վիրահատությանը, ապա դրա իրականացումը պայմանավորված է համապատասխան մասնագետի և կազմակերպչական հնարավորությունների առկայությամբ։ Բուժման յուրաքանչյուր տարբերակ իրականացվում է գործող կարգերին և բուժհաստատության կազմակերպչական հնարավորություններին համապատասխան։ Միաժամանակ բուժառուն չի զրկվել բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից, և նրան ներկայացվել են տվյալ պահին առկա բուժման տարբերակները»,- փոխանցեցին մեզ։
Համապատասխան բաժնից նաև հայտնեցին, որ բուժառուն «Միքայելյան» ԲԿ-ում բազմիցս ստացել է բժշկական օգնություն և գտնվել մասնագետների հսկողության ներքո. «Բուժման եղանակի ընտրությունը յուրաքանչյուր դեպքում կատարվում է բացառապես բժշկական ցուցումների հիման վրա։ Միաժամանակ բուժառուն, ինչպես ցանկացած քաղաքացի, ազատ է ընտրելու բուժհաստատությունն ու մասնագետին և, անհրաժեշտության դեպքում, կարող է բուժօգնություն ստանալ նաև այլ բժշկական կազմակերպությունում»։
Oragir.News-ն առաջիկայում պարզաբանումներ կխնդրի նաև այլ բուժհաստատություններից՝ խնդրի առնչությամբ համակողմանի պատկեր ներկայացնելու համար։