Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան հարձակման ենթարկված նավի միջադեպը քննարկել է Իրանի արտգործնախարարի հետ։
«Ես զանգահարել եմ Իրանի արտգործնախարար Արաղչիին՝ անկեղծ զրույցի համար։ Դիվանագիտությունը պահանջում է ուղիղ երկխոսություն, նույնիսկ երբ դա դժվար է։
Ես ընդգծել եմ, որ մեր նպատակն է խուսափել ավելորդ սրացումից։ Ես կրկին նշել եմ, որ Ուկրաինայի բոլոր գործողությունները ուղղված են բացառապես մեր երկիրը ռուսական ագրեսիայից պաշտպանելուն և երբեք չեն ուղղված եղել քաղաքացիական նավերի կամ մարդկանց դեմ։
Սա վերաբերում է նաև Իրանի հայտարարություններին վերջին միջադեպում իր քաղաքացու մահվան և քաղաքացիական նավի ենթադրաբար թիրախավորման վերաբերյալ։
Մեր նպատակն է հակազդել ռուսական ագրեսիային, որը բոլոր այս միջադեպերի արմատական պատճառն է։ Ռուսաստանը կրում է բոլոր սադրանքների և զոհերի ամբողջական պատասխանատվությունը։
Ես ընդգծել եմ սրացման հանգեցնող ցանկացած քայլից զերծ մնալու և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին ցանկացած աջակցություն դադարեցնելու անհրաժեշտությունը։ Այս պատերազմն անօրինական է և պետք է ավարտվի։
Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ. Եվրոպան և Մերձավոր Արևելքը արժանի են կայունության, անվտանգության և խաղաղության»,- գրել է Ուկրաինայի արտգործնախարարը։