Այսօր առավոտյան լրագրող Գայանե Զարգարյանը հրապարակել է մի տեսանյութ, որում, ըստ լրագրողի, երևում էր՝ ինչպես են մի խումբ տղամարդիկ ծեծում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին։
Ավելի ուշ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա երկու ձերբակալված։
«Հետքի» տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկը Աբովյանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ, «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Նաիրի Հակոբյանն է։
«Հետքը» զրուցել է «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Բաբկեն Հովակիմյանի, Նաիրի Հակոբյանի հոր՝ Սամվել Հակոբյանի և Նաիրի Հակոբյանի պաշտպանի հետ։
Նշենք, որ «Միլոն Մայնինգ» ընկերությունը զբաղվում է Աբովյան քաղաքում և Առինջ գյուղում բազմաբնակարան բնակելի շենքերի շինարարությամբ։
Բաբկեն Հովակիմյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ավետ Կոնջորյանին իր հետ ծանոթացրել է Նաիրի Հակոբյանը։ Կոնջորյանն ու Հակոբյանն ընկերներ են եղել։
Հակոբյանը պատմել է, որ Հովակիմյանին առաջարկել է ընկերոջը՝ Կոնջորյանին նշանակել «Միլոն Ռիելթի» ՍՊԸ-ի տնօրեն, որը նախկինում եղել է անշարժ գույքի գործակալ։ Այս ընկերությունը զբաղվում էր «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի կառուցած բնակարանների վաճառքով։
«Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի իրավաբանը՝ Լավրենտ Հարությունյանը, պատմեց, որ «Միլոն Ռիելթի»-ի տնօրենի պաշտոնում նշանակվելուց մոտ երկու տարի անց, երբ եկել է բնակարանների վկայականները հանձնելու ժամանակը, պարզվել է, որ Կոնջորյանը գնորդների մի մասից ավել գումարներ է վերցրել, վաճառել է ավտոկայանատեղիներ, բայց այդ մասին տեղյակ չի պահել ընկերության սեփականատիրոջը։ Իրավաբանը դժվարացավ նշել, թե որքան վնաս է պատճառվել ընկերությանը, բայց ասաց, որ վստահաբար այդ գումարը գերազանցում է 100.000 ԱՄՆ դոլարը։
«Ավետ Կոնջորյանը զբաղվում էր բնակարանների վաճառքով։ Եղել են դեպքեր, որ եկել, խնդրել է զեղչեր անենք 1 քմ-ն 450.000 դրամի փոխարեն 430.000 դրամ հաշվենք, իսկ գնորդներից վերցրել է 440.000 դրամ։ Էդպես յուրաքանչյուր քմ-ի մեջ 10.000 դրամ է աշխատել։ Բացի դա, այն մարդկանցից, որոնք բնակարանները գնել էին տարաժամկետ վճարման պայմանով, վերցրել է կանխիկ գումարներ, որոնք մուտք չի արել ՍՊԸ-ի բանկային հաշվին»,- պատմում է Լավրենտ Հարությունյանը։
ԱՎելին՝ սկզբնաղբյուր
կայքում: