Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում և երկրի մի շարք քաղաքներում ուժեղ տեղումների հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել։ Այս մասին հայտնում է Թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Ըստ հաղորդումների՝ վերջին երկու օրերին ընդհատումներով տեղացող անձրևներն այսօր ուժգնացել են։ Տեղումների հետևանքով քաղաքի տարբեր հատվածներում կուտակված ջուրը խաթարել է երթևեկությունը․ որոշ փողոցներում տրանսպորտային միջոցները դժվարությամբ են շարժվել, իսկ որոշ հատվածներում մեքենաները մասամբ հայտնվել են ջրի տակ։
Անկարայի Մամաք պողոտայում առատ տեղումների պատճառով ճանապարհահատվածներից մեկը փլուզվել է, ինչի հետևանքով մեքենա է ընկել առաջացած փոսի մեջ։ Նույն շրջանում՝ Մութլու փողոցում, փլուզված ճանապարհի հատվածում հայտնված ավտոմեքենան դուրս բերելու համար աշխատանքներ են իրականացվել։
Մամաքի Իմամ Ալիմ Սուլթան փողոցում ևս անձրևաջրերի հետևանքով վնասվել է ասֆալտապատ հատվածը։ Քաղաքային ծառայությունները աշխատում են հեղեղված տարածքների հետևանքները վերացնելու և երթևեկությունը կարգավորելու ուղղությամբ։
Ուժեղ անձրևներ են գրանցվել նաև Ստամբուլում և Թուրքիայի այլ քաղաքներում, որտեղ որոշ շրջաններում ջրի կուտակումները ևս դժվարություններ են առաջացրել բնակիչների և վարորդների համար։ Օդերևութաբանական ծառայությունները քաղաքացիներին զգուշացրել են տեղումների ընթացքում զգոն լինել և խուսափել հեղեղումների վտանգ ունեցող հատվածներից։