Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։
Գործադիրը հավանություն է տվել «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ ներկայացրած՝ Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ քաղաքի Ս․ Շահումյան փողոց 20 և 37/1 հասցեներում կառուցապատման ներդրումային ծրագրին։ Ըստ այդմ՝ նախատեսվում է ավելի քան 3 միլիարդ դրամի ներդրում, որի հաշվին մինչև 2030 թվականը կկառուցվի 2 բազմաբնակարան բնակելի շենք՝ 198 բնակարաններով։ Այդ բնակարաններից մոտ 68 քմ մակերեսով 48 բնակարաններ անհատույց սեփականության իրավունքով կհանձնվեն Արարատ համայնքին ի կատարումը Քաղսովետի գործկոմի, համայնքի և բնակիչների միջև նախկինում կնքված պայմանագրային պարտավորությունների։
Հիմնավորման համաձայն՝ դեռևս խորհրդային տարիներին այդ հասցեներում եղել են բազմաբնակարան բնակելի շենքեր։ Նշված շենքերի քանդման ժամանակ բնակիչների և Քաղսովետի գործկոմի քարտուղարի, ապա նաև` համայնքի միջև կնքվել են պայմանագրեր, որոնց համաձայն բնակիչները բնակարաններն ազատել են` հետագայում նույն հասցեներում նոր շենք կառուցվելու պարագայում բնակարան ստանալու պայմանով։ Մնացած 150 բնակարանը ընկերությունը կվաճառի շահույթ ապահովելու համար, ինչպես նաև համայնքին անհատույց սեփականության իրավունքով կհատկացվի 686 քմ մակերեսով տարածք նոր գրադարանի համար։ Ծրագրի շրջանակում նախատեսում է ապահովել շուրջ 50 աշխատատեղ, պետական բյուջե կհավաքագրվեն մոտ 1 միլիարդ դրամ հարկային եկամուտներ: