Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ժամ առաջ - 11:52 16-07-2026

Արցախի «Տատիկ-պապիկը» պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ ահազանգում է․

Հիշողության ապակառուցումը․ արցախյան մշակութային ինքնության ինստիտուցիոնալ ջնջման փորձերը Հայաստանում․ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը՝ որպես «հակապետական քայլ»․

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն հետևողականորեն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից արցախյան մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ չեն ձեռնարկվում համապատասխան քայլեր։

Չնայած միջազգային իրավունքի շրջանակներում առկա հնարավորություններին՝ պետական մակարդակով լիարժեք չեն օգտագործվում համապատասխան մեխանիզմները. չեն նախաձեռնվում գործընթացներ ՅՈՒՆԵՍԿՕ-ում, ՄԱԿ-ի համապատասխան մարմիններում և այլ միջազգային հարթակներում, չեն ներկայացվում իրավական հիմնավորումներով զեկույցներ, հաղորդումներ կամ դատական նախաձեռնություններ՝ արցախյան մշակութային ժառանգության դեմ կատարվող խախտումները փաստագրելու, դրանց կանխարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկելու և միջազգային պատասխանատվության մեխանիզմները գործադրելու նպատակով։

Փաստ է, որ խնդիրը չի սահմանափակվում միայն պետական անգործությամբ։ Մտահոգիչ են նաև Հայաստանի Հանրապետության ղեկավարության հրապարակային հայտարարությունները, որոնցով Արցախի հայկական եկեղեցիների և մշակութային ժառանգության պահպանության հարցը ներկայացվում է որպես Ադրբեջանի ներքին գործ։ Նման հայտարարությունները փաստացի թուլացնում են Հայաստանի իրավաքաղաքական դիրքերը և կարող են բացասաբար անդրադառնալ միջազգային հարթակներում հետագա իրավական նախաձեռնությունների արդյունավետության վրա։

Այսպես, պետական մակարդակում ձևավորվում է մի իրավիճակ, երբ միջազգային մեխանիզմների չօգտագործումը զուգակցվում է այնպիսի հռետորաբանության հետ, որը միջազգայնորեն թուլացնում է հենց այն իրավական հիմքերը, որոնց վրա հնարավոր կլիներ կառուցել ապագա պաշտպանական քայլերը։

Այս ընդհանուր անտարբերության ֆոնին հանրային լայն արձագանք ստացան տեղեկությունները, համաձայն որոնց՝ ՀՀ-ում գործող մշակութային որոշ կոլեկտիվների տրվել են ներքին հանձնարարականներ իրենց ստեղծագործությունների անվանումներից հանել «Արցախ» բառը։ Տեղեկությունների արժանահավատությունը պարզելու նպատակով ՀԿ-ն տեղեկություն ստանալու պաշտոնական հարցում է ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։ Նախարարության պատասխանում նշվել է, որ նախարարությունը և դրա ենթակայության կազմակերպությունները որևէ գրավոր կամ բանավոր հանձնարարական չեն ստացել մշակութային ստեղծագործություններից կամ պատմամշակութային նյութերից «Արցախ» անվանումը հանելու վերաբերյալ: Նույն պատասխանում հաստատվում է նաև, որ նախարարության ենթակայության հաստատություններում Արցախի խորհրդանիշների ցուցադրման վերաբերյալ որևէ արգելք սահմանված չէ։

Թեև նախարարության պատասխանը պաշտոնապես հերքում է նման հանձնարարականի առկայությունը, հանրային դաշտում շրջանառվող տեղեկությունները վկայում են, որ արցախյան ոչ նյութական մշակութային ժառանգության հանդեպ ոտնձգություններ, այնուամենայնիվ, տեղի են ունենում գործնականում՝ առանձին հաստատությունների ու անհատների մակարդակով, նույնիսկ եթե դրանք չեն բխում պաշտոնական հրահանգից։
Հենց այս համատեքստում, որպես նկարագրված ընդհանուր միտման կոնկրետ դրսևորում, կարելի է դիտարկել վերջերս Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցած միջադեպը։

Ցուցահանդես-մրցույթի ընթացքում դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը մրցույթի աշխատանքների տաղավարից հեռացրել է աշակերտներից մեկի ձեռքով նկարված աշխատանքը, որում պատկերված էր Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») հուշարձանը, այն որակելով «հակապետական քայլ»։ Պարզաբանումներ ստանալու նպատակով՝ ՀԿ-ն պաշտոնական գրություն է հասցեագրել Երևանի քաղաքապետարանին։ Ի պատասխան՝ քաղաքապետարանը ներկայացրել է «Ա. Տեր-Ղևոնդյանի անվան հ. 1 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի գրավոր պարզաբանումը՝ առանց դեպքի վերաբերյալ սեփական գնահատականը ներկայացնելու։

Տնօրենի բացատրությունը, թե նկարը հանվել է պատից բացառապես ներքին կարգապահական կանոնների խախտման հիմքով (քանի որ այն փակցվել էր առանց տնօրինության հետ նախնական համաձայնեցման), հիմնավոր չի թվում. ցուցադրված աշխատանքը համապատասխանում էր մրցույթի ընդհանուր թեմատիկային, և հեռացվել է հենց միայն Արցախի հուշարձանը պատկերող նկարը, ինչը հարցեր է առաջացնում որոշման իրական դրդապատճառների վերաբերյալ։ Նշանակալից է նաև, որ տնօրենի ներկայացրած պարզաբանման մեջ հուշարձանի պաշտոնական անվան («Մենք ենք մեր սարերը») փոխարեն օգտագործվել է «Տատիկների, պապիկների պատկերը» ձևակերպումը, ինչը դժվար է դիտարկել որպես պատահական լեզվական վրիպում՝ հատկապես կրթական հաստատության ղեկավարի պաշտոնական տեքստում։ Հատկանշական է նաև, որ միջադեպից կարճ ժամանակ անց աշակերտի ուսուցչուհին, չհամակերպվելով կատարվածի հետ, դիմումով ազատվել է աշխատանքից։

Այս դեպքի նշանակությունը դուրս է դպրոցական միջադեպի շրջանակից։ Եթե Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում վտանգված է արցախյան մշակութային ժառանգության նյութական բաղադրիչը՝ եկեղեցիները, հուշարձաններն ու պատմամշակութային արժեքները, ապա Հայաստանում առանձնահատուկ ուշադրության կարիք ունի դրա ոչ նյութական բաղադրիչը՝ մշակութային հիշողությունը, պատմական անվանումները, խորհրդանիշներն ու ինքնությունը։ Երկու գործընթացներն էլ, թեև տարբեր դրսևորումներով, ազդում են նույն մշակութային ժառանգության շարունակականության վրա. մեկը՝ ֆիզիկական ոչնչացման, մյուսը՝ հիշողությունից ու հանրային տարածությունից աստիճանական հեռացման միջոցով։

Կարևոր է հասկանալ, որ նման առանձին դեպքերի կուտակումը՝ անկախ նրանից, թե դրանք բխում են կենտրոնացված հրահանգից, թե առանձին պաշտոնյաների նախաձեռնությունից, ձևավորում է համակարգային ազդեցություն. հանրության մեջ աստիճանաբար նորմալացվում է Արցախի մասին լռելու կամ դրա հետ կապված խորհրդանիշներից խուսափելու պրակտիկան։

Մշակութային ինքնության պահպանության իրավունքը միջազգայնորեն սահմանված մարդու իրավունք է, որը բխում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից և ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրում և մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ այլ միջազգային փաստաթղթերում։ Այս իրավունքը որևէ պարագայում չի կարող դառնալ քաղաքական սակարկությունների առարկա։

Հարկ է հիշեցնել նաև, որ ՀՀ կառավարության կողմից ընդունված 2023–2027 թվականների մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման ռազմավարությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի մշակութային իրավունքների պաշտպանությունը, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը, գույքագրումն ու սերունդներին փոխանցումը սահմանվել են որպես պետական առաջնահերթություններ։ Ռազմավարությամբ ուղղակիորեն արձանագրվում է, որ 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձություններից հետո ընդհատվել է Լեռնային Ղարաբաղի հայության մշակութային ինքնության փոխանցման բնականոն շղթան։

Հենց այստեղ է ի հայտ գալիս հիմնական հակասությունը. պետական մակարդակով հռչակված քաղաքականությունը և առօրյա գործնական դրսևորումները չեն համընկնում։ Ինչպես ցույց է տալիս երաժշտական դպրոցի օրինակը, առանձին հաստատություններում կայացվող որոշումները կարող են ուղղակիորեն հակասել պետության կողմից ինքն իր առջև դրված նպատակներին՝ առանց դրա համար որևէ պատասխանատվության կամ նույնիսկ պաշտոնական գնահատականի։

Համադրելով վերոնշյալ դրսևորումները՝ միջազգային մեխանիզմների չօգտագործում, ներքին հանրային դաշտում արցախյան խորհրդանիշների աստիճանական մարգինալացումը, առանձին հաստատություններում արձանագրվող կոնկրետ դեպքեր ու մի շարք այլ իրողություններ, ակնհայտ է դառնում, որ խնդիրը համակարգային է և պահանջում է ոչ թե առանձին միջադեպերի արձագանք, այլ հետևողական պետական քաղաքականություն։

Սույնով հրավիրվում է միջազգային և տեղական իրավապաշտպան կազմակերպությունների, մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող կառույցների, պետական պատասխանատու մարմինների, ինչպես նաև լրատվամիջոցների ուշադրությունը այս հայտարարության մեջ ներկայացված փաստերի և արձանագրված մտահոգությունների վրա։