copy image url
Ներքին 2 ժամ առաջ - 16:35 11-07-2026

Համատիրությունը կտրել է ջուրը, բնակիչը դիմել է դատարան․ փոխադարձ մեղադրանքներ

Մերի Հակոբյան

Լրագրող

«Դատարանից մեզ որևէ ծանուցում չի ստացվել։ Մենք չենք իմացել, որ դատական գործընթաց է սկսվել, բայց մյուս կողմն արդեն բնակիչների շրջանում հայտարարել է, թե իբր հաղթել է դատարանում։ Իրականում դատարանը վերջնական վճիռ չի կայացրել, այլ կիրառել է հայցի ապահովման միջոց՝ մինչև գործի քննությունը ջրամատակարարումը վերականգնելու վերաբերյալ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «ՕԼԻՄՊՌԵԶԻԴԵՆՍ» համատիրության իրավաբան Դավիթ Վարդանյանը։

Վեճը ծագել է բազմաբնակարան շենքի բնակչի և համատիրության միջև։ Բնակիչը պնդում է, որ իր նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել, այդ թվում՝ ջրամատակարարման դադարեցում, այն բանից հետո, երբ համատիրությունից պահանջել է ֆինանսական հաշվետվություններ և ծախսերի հիմնավորումներ։ Համատիրությունն, իր հերթին, հերքում է այդ պնդումը և հայտարարում, որ խնդիրը կապված է կուտակված պարտավորությունների հետ։

«Այն, որ մարդը պահանջում է իր սեփականությանը վերաբերող տեղեկատվություն, դա նորմալ է։ Չկա որևէ խնդիր, որ մենք չտրամադրենք։ Դա նույնիսկ օրենքով նախատեսված է։ Բայց այստեղ խնդիրը լրիվ այլ տեղում է»,- նշեց Վարդանյանը։ Նրա խոսքով՝ բնակիչը համատիրության նկատմամբ ունեցել է ֆինանսական պարտավորություններ, մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի գծով։

«Մեկ տարվա էլեկտրաէներգիայի պարտավորություն է եղել, որը 200 հազար դրամը գերազանցում է։ Թվերը պետք է նորից ճշտեմ՝ 200 հազարի՞ց ավելի է, թե մոտ 220 հազար դրամի։ Բայց դա հաստատված պարտք է, որովհետև կան հաշվարկներ, հաշվիչների տվյալներ և փաստաթղթեր»,- ասաց նա։

Հարցին, թե եթե առկա էր պարտք, ինչու համատիրությունը հարցը չի լուծել դատական ճանապարհով, Վարդանյանը պատասխանեց, որ նման գործընթացները ժամանակատար են։

«Դատական ճանապարհը նույնպես տարբերակ է, բայց երբ խոսքը փոքր գումարների մասին է, շատ դեպքերում կազմակերպությունները փորձում են նախ կարգավորել հարցը այլ ճանապարհով։ Սակայն եթե պարտավորությունը չի կատարվում, օրենքով նախատեսված կարգով հնարավոր է դիմել դատարան»,- ասաց նա։

Անդրադառնալով ջրամատակարարման դադարեցման իրավական հիմքերին՝ իրավաբանը նշեց, որ համատիրությունն ունի համապատասխան ներքին կարգավորումներ։

«Կա ներքին կանոնակարգ, կա ժողովի որոշում, որով սահմանված է վճարումների կարգը։ Աշխատակիցը ինքնուրույն չի գնում և չի անջատում։ Կազմվում է ակտ, արձանագրվում է իրավիճակը, և պարտավորությունը կատարելու դեպքում ծառայությունը վերականգնվում է»,- նշեց նա։

Դավիթ Վարդանյանը նաև ընդգծեց, որ համատիրությունը չի հանդիսանում այն կառույցը, որը կարող է ինքնուրույն դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը։

«Մենք էլեկտրաէներգիայի մատակարար չենք։ Երբ տեսնում ենք, որ պարտավորությունը մեզ վրա է գալիս, իսկ բնակիչը չի վճարում, դիմում ենք համապատասխան կառույցին։ Մենք չենք կարող մեկ բնակչի փոխարեն վճարել և այդ գումարը թողնել մյուս բնակիչների վրա»,- ասաց նա։

Համատիրության իրավաբանը հերքեց նաև այն պնդումը, թե ջրամատակարարման սահմանափակումը կապված է ֆինանսական հաշվետվությունների պահանջի հետ։

«Եթե մարդը պահանջում է հաշվետվություն, մենք պարտավոր ենք քննարկել և տրամադրել։ Բայց հաշվետվություն պահանջելը չի վերացնում գոյություն ունեցող պարտավորությունները։ Այս երկու հարցերը տարբեր են»,- ասաց նա։

Վարդանյանի խոսքով՝ բնակչին տրամադրվել են պահանջված փաստաթղթերը։

«Տրվել են մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկություններ, բանկային շրջանառության տվյալներ և այն փաստաթղթերը, որոնք առկա են։ 2020 թվականից հետո համատիրությունները կանխիկ գումար չեն հավաքագրում, վճարումները կատարվում են բանկային եղանակով»,- նշեց նա։ Անդրադառնալով դատարանի որոշմանը՝ իրավաբանը կրկին ընդգծեց, որ այն չի հանդիսանում վերջնական դատական ակտ։

«Դատարանը մեզ չի լսել, որովհետև մենք չենք ստացել ծանուցում։ Հիմա մենք էլ ենք պատրաստվում օգտվել մեր իրավունքից և ներկայացնել մեր դիրքորոշումը։ Բայց այն ներկայացնելը, թե կողմերից մեկը հաղթել է, ճիշտ չէ, քանի որ դատական քննությունը դեռ չի ավարտվել»,- ասաց Դավիթ Վարդանյանը։ Նա նաև նշեց, որ նման իրավիճակներում կարևոր է լսել երկու կողմերի դիրքորոշումները։

«Մեկ բնակչի և համատիրության միջև վեճը չպետք է վերածվի ամբողջ շենքի բնակիչների շրջանում սխալ պատկերացումների։ Մենք պատրաստ ենք պատասխանել բոլոր հարցերին, բայց պետք է ներկայացվի ամբողջական պատկերը»,- եզրափակեց «ՕԼԻՄՊՌԵԶԻԴԵՆՍ» համատիրության իրավաբանը։

Փաստաբան Լիլիթ Թարջիմանյանը, արձագանքելով «ՕԼԻՄՊՌԵԶԻԴԵՆՍ» համատիրության իրավաբան Դավիթ Վարդանյանի մեկնաբանություններին, Oragir.News-ին ասաց, որ իր հրապարակած նյութում երբևէ չի նշել, թե դատարանը գործով վերջնական վճիռ է կայացրել։ «Ես իմ նյութում հստակ նշել եմ, որ դատարանը կիրառել է հայցի ապահովման միջոց։ Որևէ տեղ չեմ գրել, որ կա վերջնական դատական ակտ կամ որ գործն ավարտվել է։ Խոսքը բացառապես հայցի ապահովման միջոցի մասին է եղել»,- ասաց Թարջիմանյանը։

Անդրադառնալով համատիրության այն պնդմանը, թե ինքը բնակիչների շրջանում հայտարարել է դատարանում հաղթելու մասին, փաստաբանը նշեց, որ նման ձևակերպում իր հրապարակման մեջ չի եղել։ «Ես ներկայացրել եմ միայն այն, ինչ դատարանը որոշել է՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին։ Ուրիշ բան չեմ ներկայացրել»,- ընդգծեց նա։

Թարջիմանյանը նաև անդրադարձավ համատիրության ներկայացրած այն հիմնավորմանը, թե ծառայությունների սահմանափակումը պայմանավորված է եղել ֆինանսական հարցերով։

«Ստացվում է, որ իրենք, որպեսզի ժամանակ չծախսեն այդ հարցերով զբաղվելու համար, որոշել են պարզապես անջատել ջրամատակարարումը։

Խոսքը, սակայն, կենսական նշանակության ծառայության մասին է»,- ասաց նա։ Փաստաբանի խոսքով՝ իրեն երբևէ գրավոր չի ծանուցվել նաև էլեկտրամատակարարման կամ որևէ այլ ծառայության դադարեցման վերաբերյալ։ «Հոսանքի մասով ինձ երբևէ գրավոր չեն ծանուցել»,- նշեց նա։

Թարջիմանյանը վերահաստատեց, որ շարունակում է պնդել՝ ջրամատակարարման դադարեցումը եղել է անհամաչափ միջոց, և այդ հարցի իրավաչափության գնահատականը կտա դատարանը՝ գործի քննության ընթացքում։

Հիշեցնենք, որ Ծաղկաձորի «Ալվինա կոմպլեքս» բնակելի համալիրի բնակիչ, փաստաբան Լիլիթ Թարջիմանյանը պնդում է, որ բնակարան գնելիս կառուցապատողը չի տեղեկացրել հետագա սպասարկման պայմանների, լրացուցիչ վճարների և սակագների մասին, իսկ համատիրության հետ առաջացած վեճից հետո, նրա խոսքով, նույնիսկ անջատվել են բնակարանի ջուրը, որը, ըստ Թարջիմանյանի, ի սկզբանե եղել է պղտոր ու խմելուն ոչ պիտանի՝ չնայած դատարանի կայացրած ապահովման միջոցին։


Ամենից շատ դիտված

22:30 5 անշարժ գույք, 75.1 մլն անկանխիկ, 20.9 մլն կանխիկ, 34.8 մլն եկամուտ. Վահագն Խաչատուրյանի, նրա կնոջ և որդու ունեցվածքը
17:47 Հայր և որդի Օլամաեինները Ծառուկյանի հասցեին հնչեցրել են անհիմն մեղադրանքներ, որոնց նպատակը ֆինանսական պարքը չվերադարձնելն է. Էմին Խաչատրյան
14:00 Ի՞նչ է ակնկալում Փաշինյանը Ծառուկյանից, ո՞րն է փրկագինը
10:00 Աննա Հակոբյանի «նամակը» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
12:41 Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ Հրապարակ
13:09 Բանտում թե ազատության մեջ՝ Ծառուկյանը միևնույն է շատ ավելի մեծ հարգանք է վայելելու, քան նրանք, ովքեր փորձում են արժեզրկել նրան․ Արա Աբրահամյան
23:47 Պարագվայի Սենատը բանաձև է ընդունել Մբապեի շուրջ ստեղծված սկանդալի վերաբերյալ
13:39 Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել
22:58 Քաղաքական կին գործչին դատավորը զրկել է անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից
21:07 Տեսան՝ ճգնաժամ չկա, հիմա բառախաղի հետևից են ընկել. Գյումրիի փոխքաղաքապետ