Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը պաշտոնական այցով մեկնել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական Հանրապետություն և հանդիպումներ ունեցել տեղի իշխանություններ հետ:
Յըլմազին ուղեկցում են Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, ինչպես նաև գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն։
Այցի շրջանակներում կողմերի միջև նախատեսվում է ստորագրել գազատարի կառուցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Բայրաքթարն ավելի վաղ հայտնել էր, որ Անթալիայի Ալանիա շրջանից ձգվող խողովակաշարն ունենալու է 97 կմ երկարություն։
«Մեր նպատակն է այս տարվա ընթացքում ավարտել ինժեներական նախագծումը, իսկ 2028-ին արդեն կյանքի կոչել այս խողովակաշարի նախագիծը»,- նշել է թուրք նախարարը։
Բայրաքթարը նաև հավելել է, որ ապագայում Արևելյան Միջերկրական ծովում բնական գազի նոր պաշարների հայտնաբերման դեպքում, այս նույն խողովակաշարով հնարավոր կլինի գազ մատակարարել նաև հակառակ ուղղությամբ՝ Կիպրոսից դեպի Թուրքիա։
Ermenihaber