Հարավային Լիբանանը կրկին հայտնվել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) հզոր հարվածների թիրախում:
Լիբանանի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ վերջին հարձակումների հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ երկու կին, ևս առնվազն 20-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Լիբանանյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ իսրայելական ավիացիան և հրետանին թիրախավորել են հարավային շրջանների մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Նաբատիե և Արաբ Սալիմ շրջանները: Հարվածներից առաջ Իսրայելի բանակը տեղի բնակիչներին կոչ էր արել անհապաղ տարհանվել անվտանգության գոտիներ:
Լիբանանի առողջապահության նախարարության հատուկ հայտարարության մեջ նշվում է, որ վիրավորների թվում կան կանայք և երեխաներ, նրանցից մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր:
Դեպքի վայրերում աշխատում են փրկարարական ջոկատները, քանի որ փլատակներում դեռևս կարող են մարդիկ մնացած լինել, ուստի տուժածների թիվը հնարավոր է աճի: