Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 13:00 09-07-2026

ԵՄ-ն ականազերծման մեքենաներն իզուր է տվել, դրանցով ի՞նչ են անելու

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Հայաստանը լավ նվեր է ստացել ԵՄ-ից, սակայն դրա կիրառման ասպարեզ, կարծես, չկա։

«Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ-ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա: Այն կօգնի հանրապետության տարածքում վտանգավոր ճանաչված գոտիներում մարդասիրական ականազերծման աշխատանքներին։ Մեքենաները կօգտագործվեն նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի սահմանազատման գործընթացում»,- գրված է կառավարության հուլիսի 8-ին տարածած հաղորդագրության մեջ։

Ենթադրելի է, որ հեռակառավարվող ականազերծման մեքենաները կիրառվելու են Ադրբեջանից ազատագրված ՀՀ տարածքներն ականազերծելու համար։ Իրոք, որտե՞ղ ու ե՞րբ կկիրառվեն ԵՄ-ի նվիրած ականազերծման մեքենաները։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմանը մնում է ՀՀ Սահմանադրության փոփոխությունը։ Բայց ՔՊ-ն հունիսի 7-ի արդյունքում չունի անհրաժեշտ քանակով մանդատներ, որ այս փոփոխության հարցը բերի օրակարգ։ Նշանակում է՝ Սահմանադրությունը չի փոփոխվի առնվազն մինչև հաջորդ ընտրությունները։ Ու քանի որ Սահմանադրությունը չի փոփոխվելու, Բաքուն չի ստորագրի խաղաղության պայմանագիրը։ Սահմանազատման գործընթացն էլ չի շարունակվի։ Բաքուն, հավանաբար, այս գործընթացը ևս կկապի պայմանագրի ստորագրման հետ ու մատը մատին չի տա։ Արդյունքում՝ ԵՄ-ի նվիրած մեքենաները կմնան իրենց տեղում կանգնած։

Ալիևյան իշխանության հռետորաբանությունը չի փոխվել։ Նրանք շարունակաբար ատելություն են քարոզում հայերի հանդեպ, շարունակում են ինտենսիվ զինվել, պարբերաբար զորավարժություններ անում, առաջ տանում իրենց նարատիվները, խոսում այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի մասին, հավաքագրում Հայաստանի տարածքում ապրել ցանկացողներին և այլն։ Այս ամենը հիմք է տալիս կասկածելու, որ Ադրբեջանը մտադիր չէ հետ քաշվել ՀՀ տարածքներից։ Հետևաբար՝ ԵՄ-ի նվիրած մեքենաները տեսանելի ապագայում չեն կիրառվի։

Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն կարգավիճակի շահառու է նաև Մոսկվան։ ՔՊ-ական կոնկրետ պատգամավորների վկայությամբ՝ 44-օրյա պատերազմին հաջորդած շրջանում ադրբեջանցիները ռուսների օգնությամբ են զավթել ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ, որպեսզի խոչընդոտեն գլոբալ նախագծերի իրականացմանը։ ԱԺ անցած ուժերը ռուսամետ դիրքորոշում ունեն։ Եվ, ենթադրաբար, չեն անի ռուսական շահերի դեմ քայլեր։ Այսինքն՝ չեն փորձի առաջ մղել Ադրբեջանի կողմից վերահսկվող ՀՀ ինքնիշխան տարածքի այս հատվածների ազատագրման հարցը։ Հետևաբար՝ ԵՄ-ի նվիրած ականազերծման մեքենաները չեն օգտագործվի։

Ականազերծման մեքենաները տեսականորեն կարող են կիրառվել Արծվաշենն ազատագրելուց և Հայաստանին վերադարձնելուց հետո։ Սակայն այս հարցը նույնպես օրակարգի առաջին տողում չէ։ Քաղաքական համայնքում այս հարցում կոնսենսուս չկա։ Ադրբեջանն էլ չի շտապում այս հարցում։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ անկլավների հարցը առաջիկա տարիներին չի լուծվի, Արծվաշենը շուտ չի վերադառնա հայրենիքի փաստացի սահմաններից ներս, հետևաբար՝ ԵՄ-ի ականազերծման մեքենաների կարիքը չի լինի։

Հայ-իրանական և հայ-թուրքական սահմանների պաշտպանությունը վերապահված է ռուսներին։ Ենթադրաբար՝ նրանք ականներ են տեղադրել սահմանի այս հատվածներում։ Սակայն ԱԺ անցած ուժերը ռուսական ռազմակայանն ու զորքերը դուրս հրավիրելու ծրագրեր չունեն, այսպիսի հարց չկա նրանց օրակարգում։ Այսինքն՝ առաջիկայում այս սահմաններում ևս ականազերծման աշխատանքներ չեն լինելու, հետևաբար՝ այստեղ էլ չեն կիրառվելու ԵՄ-ի նվիրած ականազերծման մեքենաները։

Կարճ ասած՝ ԵՄ-ն իզուր է նվիրել հեռակառավարվող ականազերծման մեքենաներ։ Դրանց կիրառման ասպարեզ չկա ՔՊ-ի իշխանության օրոք։ Լավագույն դեպքում՝ կարող են կիրառվել վարժանքների ժամանակ։ Իսկ տարվա մնացած օրերին դրանց վրա փոշի կնստի, ինչը ցույց կտա ԵՄ-ին, որ ՔՊ-ական իշխանություններն ունակ չեն խաղաղություն ապահովել տարածաշրջանում։ Գուցե դրանից հետո ԵՄ-ն ու ազատ աշխարհի երկրները մտածեն ՀՀ-ում նորմալ, ժողովրդավարական իշխանության ձևավորմանն աջակցելու մասին։


Ամենից շատ դիտված

16:17 Միակ ձայն հանողը Ծառուկյանի հետ հարաբերություններ չունեցող ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն էր, ով ծծակով կեր չի կերել Ծառուկյանի ձեռքից. Հայկ Մարտիրոսյան
18:49 Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել. այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան
22:30 ՊԵԿ–ը հաստատում է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում
21:20 Հուլիսի 9-ին, 15-ին ավելի քան 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ
18:31 Որքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. տնտեսագետ
16:42 Միշտ պատրաստ եմ խոսել սպորտից, իսկ քաղաքական հարցերին ինչպե՞ս գնահատական տամ, եթե չեմ տիրապետում իրավիճակին. Նազիկ Ավդալյան
22:58 Զախարովան անդրադարձել է Արծրուն Հովհաննիսյանի նոր պաշտոնին
22:00 Բնակարան, կայանատեղի, 10.1 մլն պարտատոմսեր, 7.1 մլն ավանդներ, 2 մլն անկանխիկ, 27.5 մլն եկամուտ․ Ռուբեն Ռուբինյանի և կնոջ ունեցվածքը
19:30 Կենդանուն մահապատժի ենթարկեցին․ ովքեր լռում են, բնապահպան չեն
15:59 Անի Երանյանը շքեղ անակնկալ է ստացել. ո՞վ է դերասանուհուն նման թանկարժեք մեքենա նվիրել