Arca ազգային վճարային համակարգն անցկացրել է մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացրել է ընկերության գործունեության հիմնական արդյունքները, ազգային վճարային համակարգի զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, ինչպես նաեւ առաջիկա ծրագրերն ու ռազմավարական առաջնահերթությունները։
Մամուլի ասուլիսին մասնակցել են Arca-ի գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը, խորհրդի նախագահ Հովհաննես Խաչատրյանը, զարգացման տնօրեն Ռուբեն Սաղոյանը,
եւ խորհրդի անկախ անդամ Արա Աբրահամյանը։
Ասուլիսի ընթացքում ներկայացվել են 2025 եւ 2026 թվականների հիմնական ցուցանիշները, որոնց համաձայն՝ 2025 թվականին քարտային գործարքների ծավալը կազմել է 18.23 տրիլիոն դրամ, իսկ գործարքների քանակը՝ ավելի քան 1 միլիարդ։
Arca-ի գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը ամփոփիչ տվյալները ներկայացնելիս
ընդգծել է, որ Arca-ն շարունակաբար ներդնում է նորարարական լուծումներ՝ նպաստելով Հայաստանի վճարային համակարգի զարգացմանը, ֆինանսական ծառայությունների
հասանելիության բարձրացմանը եւ անվտանգ վճարային միջավայրի ձեւավորմանը։
«Մեր ընկերության տեսլականն է լինել հուսալի եւ նորարար ազգային վճարային համակարգ, եւ սրանք պարզապես բառեր չեն։ Մենք, ձգտելով ցույց տալ լավագույն արդյունքները, սահմանել ենք շեմ, որ առաջիկա 5 տարիների ընթացքում մեր համակարգային հասանելիությունը պետք է լինի 99.982 %։ Միեւնույն ժամանակ նշենք, որ 2025 թվականին այդ ցուցանիշը կազմել է 99.780 %, իսկ վերջին վեց ամսվա տվյալներով այն 99.991 % է։ Սա լավագույն ցուցանիշն է (միջազգային չափանիշներով), որին ձգտում ենք հասնել ընկերության ռազմավարությամբ մինչեւ 2030 թվականը»,- Arca-ի մասին խոսելիս նշել է Վարդան Խաչատրյանը։
Լրագրողների հարցերին ի պատասխան՝ Arca-ի Զարգացման տնօրեն Ռուբեն Սաղոյանը նշել է, որ մինչեւ 2027 թվականի առաջին եռամսյակը Arca քարտերը հնարավոր կլինի կցել Google Pay-ին, իսկ երկրորդ կիսամյակում՝ Apple Pay-ին՝ ընդգծելով, որ այս պահին ակտիվ աշխատանքներ են կատարվում այդ ուղղությամբ՝ հաշվի առնելով մեծ պահանջարկը։
Ասուլիսի ավարտին Arca-ի ղեկավարությունը եւս մեկ անգամ ընդգծել է, որ Arca-ն շարունակելու է զարգացնել իր առաջարկվող ծառայությունները եւ այսուհետ լինելու է ավելի բաց ու թափանցիկ հանրության եւ լրատվամիջոցների հետ հաղորդակցվելիս՝ որպես Հայաստանի ազգային վճարային համակարգ։
Ֆոտոշարք