Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Լիճք գյուղից ահազանգել են գյուղի անտառներում պարբերաբար իրականացվող ծառահատումների մասին։
Ահազանգողի փոխանցմամբ՝ ծառերը, մասնավորապես, կտրվում են անձնական նպատակներով, իսկ բնությանը հասցվող վնասը չի վերականգնվում։ Ահազանգողը նշել է, որ խնդիրը նոր չէ և շարունակվում է նաև էկոպարեկային ծառայության գործունեության պայմաններում։ Նրա խոսքով՝ եթե անտառներում վերահսկողություն իրականացվում է, ապա անհասկանալի է, թե ինչպես են քաղաքացիները շարունակում ծառեր կտրել և դրանք դուրս բերել անտառից։
Նա նաև դժգոհել է էկոպարեկների աշխատանքի առաջնահերթություններից։ Ահազանգողի պնդմամբ՝ ծառայության աշխատակիցներին հաճախ կարելի է տեսնել ճանապարհներին, որտեղ նրանք կանգնեցնում և տուգանում են քաղաքացիներին, մինչդեռ անտառներում ծառահատումների կանխարգելման ուղղությամբ բավարար վերահսկողություն չի իրականացվում։
«Անտառում ծառերը կտրում են, տանում են, իսկ կտրված ծառերի տեղերը չեն վերականգնվում։ Եթե էկոպարեկային ծառայություն կա, պետք է անտառում էլ վերահսկողություն լինի, ոչ թե միայն ճանապարհին քաղաքացիներին տուգանեն»,– նշել է ահազանգողը։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր կտրված ծառի հետևանքով անտառային տարածքը աստիճանաբար վնասվում է, իսկ առանց վերականգնման աշխատանքների խնդիրը տարիների ընթացքում կարող է ավելի լուրջ հետևանքներ ունենալ։
«Այսօր մեկ ծառ են կտրում, վաղը՝ մյուսը։ Այդպես անտառը դանդաղ վերանում է։ Պետք է ոչ միայն արձանագրել խնդիրը, այլև կանխել ծառահատումները և վերականգնել վնասված տարածքները»,– ընդգծել է նա։