Հայաստանը, իր նորանկախ պատմության մեջ առաջին անգամ, Պակիստանում դեսպան կունենա։ Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կարեն Գրիգորյանը համատեղության կարգով նշանակվել է Պակիստանում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի)։
Երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին մոտ մեկ տարի առաջ՝ համատեղ կոմյունիկե ստորագրելով։ Դրանում Երևանն ու Իսլամաբադը նշել էին, որ կձգտեն զարգացնել բարեկամական հարաբերությունները։
Պակիստանը, որ տասնամյակներ շարունակ չէր ճանաչում Հայաստանը, Ադրբեջանի մերձավոր դաշնակիցներից է, կողմերը սերտորեն համագործակցում են հատկապես ռազմական ոլորտում։
Ըստ Հայաստանի իշխանությունների՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմից ռազմական գործողություններում ներգրավված էին նաև Պակիստանի բանակի հատուկջոկատայինները։ Այդ մասին հայտարարել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կողմերը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին անցած օգոստոսին՝ Վաշինգտոնում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո։