Ներքին 1 ժամ առաջ - 19:00 06-07-2026

«Սերմից` սեղան»․ ինչպես է «Երեմյան»-ը դարձել Հայաստանի կաթնամթերքի առաջատար արտադրողը

Մերի Հակոբյան

Լրագրող

Լոռու մարզի Տաշիր համայնքում է գործում «Երեմյան» ընկերությունների խմբի գյուղատնտեսական համալիրը։ Այն հիմնվել է 2023 թվականին և Հայաստանի ամենամեծ ֆերմերային տնտեսությունն է։

Համալիրի հիմքում դրված է «Սերմից՝ սեղան» հայեցակարգը․ մոտ 29 հեկտար տարածքի վրա կառուցված համալիրը ներառում է անասնապահական և խոզաբուծական ֆերմաներ, կերի արտադրամաս, սպանդանոց, կարանտինային հատվածներ, գոմաղբի հավաքման համակարգ և այլ ենթակառուցվածքներ։

Ընդհանուր շինությունների մակերեսը կազմում է շուրջ 75 հազար քառակուսի մետր, իսկ ամբողջ շինարարությունն իրականացվել է մեկ տարվա ընթացքում։

Ֆերմայում պահվում են հոլշտեյն ցեղատեսակի 1500 կաթնատու կովեր, որոնց առողջական վիճակը, ակտիվությունը, վերարտադրությունն ու կաթնատվությունը վերահսկվում են թվային համակարգերի միջոցով։

«Ինչպես տեսնում եք, կենդանիների վզի հատվածում ամրացված են գոտիները, իսկ դրանց վրա՝ չիպերը։ Յուրաքանչյուր կենդանի ունի իր անհատական համարը, և ֆերմայում տեղադրված ալեհավաքի միջոցով հնարավոր է վերահսկել բոլոր կովերի առողջական վիճակը»։

Նրա խոսքով՝ մեկ կովին օրական տրամադրվում է շուրջ 55 կիլոգրամ կերախառնուրդ և միջինում տալիս է 35 լիտր կաթ։ Կովերը կթվում են օրական երեք անգամ՝ յուրաքանչյուր ութ ժամը մեկ։ Կթված կաթը փակ խողովակաշարով տեղափոխվում է հատուկ ջերմաստիճանային համակարգ։

«Կթելու գործընթացը, ինչպես նշեցինք, իրականացվում է օրական երեք անգամ՝ յուրաքանչյուր 8 ժամը մեկ։ Կթման ավարտից հետո կաթը, խողովակներով անցնելով ֆիլտրերի միջով, տեղափոխվում է սառնարաններ, որտեղ ջերմաստիճանը իջեցվում է մինչև 2-4 աստիճան։ Այնուհետև հատուկ մեքենաներով տեղափոխվում է Երևան»։

Խաչատրյանի խոսքով՝ յուրաքանչյուր կենդանու համար ապահովված են անհրաժեշտ պայմաններն ու համապատասխան տարածքը։ Անասնակերն աճեցվում է հենց ընկերությանը պատկանող հողատարածքներում, որտեղ մշակվում են եգիպտացորեն, առվույտ, գարի և այլ մշակաբույսեր։ Դրանք վերածվում են սիլոսի, սենաժի և կերախառնուրդի, ինչը թույլ է տալիս ամբողջությամբ վերահսկել կենդանիների սնուցման որակը։ Խաչատրյանի խոսքով՝ ֆերմայում կիրառվող տեխնիկան և սարքավորումները ներմուծվել են Եվրոպայից, իսկ գործընթացների մեծ մասը ավտոմատացված է, ինչը նվազեցնում է մարդկային գործոնի ազդեցությունը։

«Մենք ոչ թե պետք է բուժումներ իրականացնենք, այլ պետք է կանխարգելում ապահովենք, իսկ դա իրականացվում է պատվաստումների միջոցով։ Կանխարգելումն իրականացվում է նաև ճիշտ կերակրման միջոցով․ այսինքն՝ այդ ամբողջ գործընթացը մի մեծ համակարգ է, որը, եթե որևէ տեղ խախտվի, կսկսի տատանվել»։

«Երեմյան» ընկերությունների խմբի մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը ներկայացրեց ընկերության գործունեության հիմնական սկզբունքներն ու վերջին վեց տարիների ձեռքբերումները՝ առանձնացնելով վեց կարևոր փաստ։

Առաջինը վերաբերում էր ընկերության գործունեության հիմքում ընկած «Սերմից՝ սեղան» հայեցակարգին։

«Երեմյան կաթնամթերքը միակն է ՀՀ-ում, որը աշխատում է «Սերմից՝ սեղան» հայեցակարգով։ Ինչ է դա նշանակում․ դա կաթնամթերքի արտադրության ոսկե ստանդարտ է, որի դեպքում արտադրանքի բարձր որակը ապահովվում է հենց սկզբնաղբյուրից՝ սերմից»։

Երկրորդ կարևոր սկզբունքը նրա խոսքով ամբողջությամբ փակ շղթայով և ուղղահայաց ինտեգրման մոդելով աշխատանքն է, որի շնորհիվ կաթը որևէ փուլում չի շփվում արտաքին միջավայրի հետ։

«Այս ամբողջ համակարգը աշխատում է ուղղահայաց ինտեգրման մոդելով՝ փակ շղթայով, ինչը կրկին հնարավորություն է տալիս մեզ իրականացնել խիստ վերահսկողություն յուրաքանչյուր փուլում»։

Երրորդ փաստն այն է, որ «Երեմյան» կաթնամթերքը Հայաստանի միակ արտադրողն է, որն ունի FSSC 22000 սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկատ։

«Ի՞նչ է նշանակում այդ սերտիֆիկատը․ սա սննդի անվտանգության համակարգի կարևորագույն և խստորեն պահպանվող սերտիֆիկացման մեխանիզմ է, որի արդյունքում սննդամթերքը արտադրվում է ամենաբարձր ստանդարտներով և պահպանում է իր օգտակար հատկությունները մինչև հաճախորդի սեղան հասնելը»։

Չորրորդ կարևոր փաստը վերաբերում է նրան, որ ընկերությունն ունի մանկական կաթի պետական վկայական, ինչը թույլ է տալիս արտադրանքը օգտագործել նաև նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների սննդակարգում։

Հինգերորդ փաստով ներկայացվեց, որ գործունեության վեց տարիների ընթացքում ընկերությունն արդեն արտադրում է ավելի քան 60 տեսակի կաթնամթերք, որոնց թվում են` կաթ, կաթնաշոռ, թթվասեր, յոգուրտներ, հայկական ու իտալական պանիրներ, ինչպես նաև այլ արտադրատեսակներ։

Վեցերորդ փաստը, Լուսինե Երեմյանի խոսքով, հենց վերջնական արդյունքն է՝ բարձրորակ, բնական և անվտանգ կաթնամթերքի արտադրությունը։

«Այս ամենի արդյունքում մենք ստեղծում ենք A կարգի բնական, որակյալ և անարատ կաթ, որը անհրաժեշտ է թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին»։

Լուսինե Երեմյանը դիմեց նաև սպառողներին՝ ուշադրություն հրավիրելով կաթնամթերքի պիտակներին։

«Սպառողներին մեր խնդրանքն ու հորդորն է ուշադրություն դարձնել առողջ սննդի և կաթնամթերքի ընտրությանը։ Շատ կարևոր է, որ նրանք լինեն տեղեկացված և գիտակից՝ տվյալների հիման վրա որոշումներ կայացնելու համար»։

Ընկերությունում վստահեցնում են, որ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, սեփական կերի արտադրությունը, կենդանիների առողջության մշտադիտարկումն ու արտադրության ամբողջական վերահսկողությունը հնարավորություն են տալիս սպառողին առաջարկել միջազգային չափանիշներին համապատասխան, բնական և անվտանգ կաթնամթերք։


Ամենից շատ դիտված

09:23 Զելենսկու զգուշացումն իրականացավ. Կրեմլը զանգվածային հարձակում է սկսել հրթիռներով ու ԱԹՍ-ներով
13:12 Չեմ կարողանում հավատալ. Էլիզ Մելիքյանի հրաժեշտը՝ Արտաշես Ալեքսանյանին
09:08 Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
17:52 Անի Օհանյանը հանցագործության մասին նոր հաղորդու՞մ է տվել Անդրեի դեմ
15:23 Դրանք միշտ կմնան սրտումս. Արտաշես Ալեքսանյանի վերջին խորհուրդը Ռոզա Դավթյանին
15:30 Ռուբինյանը բլեֆում է. ՔՊ-ն կոչնչանա՝ առանց այս ընդդիմության
09:00 Փաշինյանի աշխատավարձի աճը․ 10 հազար թոշակառուին, 10 մլն՝ իրեն սկզբունքով
21:52 Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան
12:44 Մեկ տասնյակից ավելի քրվարույթներով 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ
23:17 Վերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը