Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 13:30 02-07-2026

Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Ասում են, թե Ալեն Սիմոնյանը տխուր է, որ ԱԺ շարքային պատգամավոր է դառնալու, ցածր դիրք է ունենալու և ցածր աշխատավարձ։ Ինչո՞ւ ՔՊ վարչությունը «գծերից գցեց» նրան։

Հայաստանում ԱԺ նախագահը բարձր պաշտոնյա է։ Ոչ միայն Ալեն Սիմոնյանը, այլև նախկին ԱԺ նախագահները բարձր դիրք ունեին, գրված ու չգրված լայն լիազորություններ։ Ու զարմանալի չէ, որ Ալեն Սիմոնյանը ցավոտ է ընկալել, երբ իրեն այս աթոռից ցած են գլորել։ Հունիսի 26-ին ՔՊ վարչությունը որոշել է ԱԺ նախագահի թեկնածու առաջադրել ոչ թե նրան, այլ Ռուբեն Ռուբինյանին։ Այս որոշումից հետո Ալեն Սիմոնյանը լքել է գրասենյակն ու արագ հեռացել։

Նրան բարձր պաշտոնից ցած նետելու մի քանի վարկած է շրջանառվում հանրային խոսույթում։

Առաջին վարկածը կապվում է նրա ցածր վարկանիշի հետ։ Ժողովուրդը նրան չի սիրում։ Քաղաքացու վրա թքելու, լրագրողի, հանրային գործչի հետ վիճելու, վիրավորական բառեր ասելու դրվագները գցել են նրա վարկանիշը։ Առանց այս էլ՝ ՔՊ-ի վարկանիշը ցածր է։ Ենթադրելի է, որ նա կոնֆլիկտներ է ունեցել նաև թիմի ներսում։ Եվ թիմում ևս նրան չեն սիրում։ Վարկանիշի անկման ենթադրյալ պատճառ է նաև նրա ամուսնալուծությունը։ Ենթադրելի է, որ ՔՊ վարչության որոշ անդամներ ավանդական արժեքներով են առաջնորդվում և քվեարկությամբ ցույց են տվել իրենց վերաբերմունքը նրա նկատմամբ։ Այսինքն՝ օրինաչափ է, որ թիմն ազատվել է ցածր վարկանիշ ունեցող, կոնֆլիկտային, անկայուն ղեկավարից։

Երկրորդ վարկածի հետևում արտաքին խաղացողների ականջներն են։ Ալեն Սիմոնյանը հայտնի է Մոսկվայի մասին կոշտ հայտարարություններով։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը ջերմ հարաբերություններ ունի ՌԴ նախագահի հետ, ենթադրելի է, որ վերջինիս խնդրանքով Ալեն Սիմոնյանին «մատաղ» են արել։ Եթե այդպես է, ապա նա առաջիկայում բարձր պաշտոն կստանա կառավարությունում և հրապարակային հայտարարություններ քիչ կանի։ Այդպիսով Փաշինյանը ցույց կտա, որ կատարում է Պուտինի խնդրանքը, բայց միաժամանակ ապահովում է, որ թիմակիցը բարձր դիրք ու աշխատավարձ ունենա համակարգում։

Չի բացառվում, որ Ռուբեն Ռուբինյանի լավ հարաբերությունները Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ դեր են խաղացել նրա ընտրության հարցում։ Հաշվի առնելով, որ օրակարգի առաջին հարցերից է հայ-թուրքական սահմանի բացումն ու հարաբերությունների կարգավորումը, Ռուբեն Ռուբինյանը, որպես ԱԺ նախագահ, կարող է արագացնել այս գործընթացը։ Այսինքն՝ ենթադրելի է, որ Թուրքիայի խնդրանքով են Ռուբեն Ռուբինյանին առաջադրել ԱԺ նախագահ։ Եթե այդպես է, ապա այս դեպքում ևս Ալեն Սիմոնյանն առաջիկայում բարձր պաշտոն կստանա կառավարությունում և ավելի մեծ ազդեցություն կունենա քաղաքականության որոշման հարցում։

Երրորդ վարկածը կապվում է բացառապես Նիկոլ Փաշինյանի հետ։ Հայտնի է, որ ՀՀ-ում գրեթե ամեն ինչ որոշում է նա՝ միանձնյա։ Եվ ասում են, թե ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Փաշինյանը դժգոհ է մնացել Ալեն Սիմոնյանի ակտիվությունից, քանի որ ամբողջ ծանրությունը թողել էր իր վրա, ոչինչ չէր անում։ Միայն ուրախ ավտոբուսում նստում էր Փաշինյանի կողքին ու նրա հետ հավասար կարտոֆիլ, կարկանդակ, կուկուռուզ, սուջուխ ու նման բաներ էր ուտում։ Այնինչ նա տեսականորեն կարող էր շատ բան անել։ Նույնիսկ մրցակիցներին հայհոյելու հարցում էր պասիվություն դրսևորում։ Տպավորություն էր, թե մտքով այլ տեղ է կամ մտադիր է դուրս գալ քաղաքականությունից, բիզնեսով զբաղվել։

Եթե այս ենթադրությունը ճիշտ է, ապա առաջիկայում նա կմտնի բիզնես, կդառնա օլիգարխ, գուցե գնի ՀԷՑ-ի բաժնետոմսերն ու դառնա դրա նոր սեփականատերը։ ՔՊ վարչության հերթական նիստին Ալեն Սիմոնյանի բացակայությունը հավելյալ հիմք է ենթադրելու, որ նա հեռանում է ակտիվ քաղաքականությունից և օլիգարխ է դառնալու։

Իսկ եթե Փաշինյանը շատ խիստ է բարկացել Ալեն Սիմոնյանի վրա, ապա ենթադրելի է, որ առաջիկայում նրա դուռը կթակի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, կառգրավի նրա հեռախոսը, կբացահայտի խայտառակ բաներ։

Կարճ ասած՝ Ալեն Սիմոնյանի հետ կատարվածը վկայում է, որ ՔՊ-ում խաղաղ չէ, սխալվողը կամ պասիվացողն անողոքաբար պատժվում է, ոչ ոք ապահովագրված չէ և հաստատ չգիտի, թե իր մասին ինչ են մտածում վերևներում ու ինչ կլինի իր հետ վաղը։